ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 24-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն է անցկացվել (լուսանկարներ)
Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության շարահրապարակում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված ոստիկանության զորքերի կազմավորման քսանչորսերորդ տարեդարձին: Հանդիսությանը մասնակցում է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, հյուրեր:
ՀՀ ոստիկանության՝ այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը կազմավորվեց Արցախյան ազատամարտի հերոսական օրերին՝ աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, երկրի ներսում պայքարելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Այսօր էլ Զորքերը շուրջօրյա ծառայողամարտական հերթապահության մեջ է:
Տոնի առթիվ պատրաստականության մասին ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտնենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին ու հյուրերին:
Ոստիկանության զորքերի կայացման գործում ունեցած ներդրման, ծառայողամարտական բարձր պատրաստականության և պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի խումբ զինծառայողներ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամաններով արժանացան պարգևների:
Պարգևատրման արարողությունից հետո տեղի ունեցավ զինծառայողների հանդիսավոր երթ:
Ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսությունը զորամասի ճաշարանում ավարտվեց տոնական ճաշկերույթով՝ ոստիկանության զորքերի վետերանների, հյուրերի, զինծառայողների մասնակցությամբ»։