Ես կապացուցեմ իմ անմեղությունը. Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն իր դեմ հարուցված քրգործի մասին
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրվող՝ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է ապացուցել իր անմեղությունը:
«Անշուշտ, իհարկե կապացուցեմ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Ծատուրյանը՝ հավելելով. «Ես իմ մեղքը չեմ ընդունել առաջադրված մեղադրանքում, բայց մնացած հարցերի համար դիմեք նախաքննական մարմնին»:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին, գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին և գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Առողջապահության երեք պաշտոնյաները սկզբում ձերբակալվեցին, հետո ազատ արձակվեցին և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։
Tert.am-ի տեղեկություններով՝ քրգործը հարուցվել է առողջարանային 400 կեղծ ուղեգրերի հետ կապված, որոնց արժեքը մոտ 80 մլն դրամ է: Մամուլում գրվել է, որ չարաշահումը 2 մլրդ դրամի չափով է:
«Չեմ կարող մեկնաբանել ոչ մի բան, խնդրում եմ՝ այդ հարցերով դիմեք առողջապահության նախարարությանը: Ես չեմ կարող մեկնաբանել, քննություն է ընթանում, ամեն ինչ կպարզվի»,-Tert.am-ին ասաց Սարո Ծատուրյանը։
Գործակալության մյուս աշխատակիցներին առաջադրված մեղադրանքի հետ կապված՝ գործակալության պետ Սարո Ծատուրյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանություն տալ:
Գործով քննիչը երեկ միջնորդել է Սարո Ծատուրյանին ու Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:
«Ես աշխատանքից ազատված չեմ»,-այդ առթիվ ասաց Ծատուրյանը:
Նշենք, որ առողջապահական գործակալության պաշտոնյաները կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու և 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու համար: