Բուժզննությամբ պարզվել է, որ ապրիլին զոհված Վազգեն Հարությունյանի որդին՝ Գրիգորը շանսեր ունի լսելու
Ապրիլի 30-ին Մատաղիսի դիրքերում զոհված Վազգեն Հարությունյանի որդին՝ Գրիգորը, ով չի խոսում և տառապում է մանկական կաթվածով (DCP) ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրով բուժզննության է ենթարկվել:
«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանն իր Facebook-ի էջում տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրել է վերականգնողական բուժման, իսկ Արաբկիրում արված աուդիոմետրիայի արդյունքում պարզվել է, որ Գրիգորը ռեալ շանսեր ունի լսելու:
«Հինգշաբթի կրկնակի զննում կանենք ու վերջնական կորոշեն՝ ինչ լսողական սարք է անհրաժեշտ: Հաստատ ասացին, որ լսելու է: Մի լավ թռվռացինք ուրախությունից: Հերոս հայրիկի երազանքը կկատարվի: Մեր աղոթքները տեղ հասան: Երեկոյան ընթրիքին մեր հրաշքներին անակնկալներ են սպասվում: Հեծանիվն էլ արդեն կգնենք` 2-ի համար էլ, մնացած գումարով էլ հագուստ ենք գնելու մայրիկի հետ: Ապրե՜ք մարդիկ, դուք ամենալավն եք»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ, Գրիգորը Մատաղիսի դիրքերում զոհված Վազգեն Հարությունյանի որդին է: Գրիգորի ավագ եղբայրը՝ 13-ամյա Ալեքսանդրն ասել էր, թե իր ցանկությունն է եղբորը բուժել և դրա համար խոզեր էր պահում: