Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 21-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունը Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության գործում, ինչպես նաև կառույցի կողմից Արցախի հանդեպ ընդգծված ուշադրությունը, որն արտահայտվում է նրա ղեկավարների հաճախակի այցելություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը նշել է, որ իր վերջին այցից հետո դրական տեղաշարժեր է տեսնում Արցախում: Իր խոսքում Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարի գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ Արցախի դիրքորոշումներն ու տեսակետներն ԱՄՆ պետական ու հասարակական շրջանակներին ներկայացնելու խնդիրը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին, Արցախի միջազգային ճանաչմանը և տարածաշրջանային այլ խնդիրներին: