Տաքսիստներն ընդդեմ Yandex ու gg տաքսիների. վարորդները հայտնվել են անհավասար մրցակցային պայմաններում
Հայաստանի տաքսի ծառայություն իրականացնողները դեմ են, որ Yandex taxi-ին մուտք գործի Հայաստան: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, երբ բնագավառում հայտնվեց ggTaxi ծառայությունը, մենք հարցը բարձրացրել ենք Տրանսպորտի նախարարությունում` բացատրելով, որ դուք մեզնից պահանջում եք լիցենզավորվել տաքսի սերվիսներին, տարեկան վճարում ենք 200 հազար դրամ` ամեն վարորդին գրանցելով հարկային դաշտում, ինչպես նաև՝ լիցենզավորվում են անհատ վարորդները, ֆիզիկական անձինք»,-արձանագրեց Տիգրան Հովհաննիսյանը:
Մինչդեռ, ggTaxi -ն, ըստ բանախոսի հիշեցման, հայտարարում է, որ ինքն այլընտրանքային է:
«Եվ նրա ծառայությունը մատուցում են ոչ թե լիցենզավորված վարորդներ, այլ ցանկացած քաղաքացի` աշխատանքից հետո իր համար կարող է «Սմարթֆոն» համակարգով գրանցվել gg տաքսիում: Հետևաբար, սովորական տաքսիստները հարց են բարձրացնում` տարբերությունները ո՞րն է»,-հարց բարձրացրեց Տիգրան Հովհաննիսյանը, ով խոսում էր սովորական տաքսիստների անունից, ընդհուպ մինչև հայտարարեց, որ պատրաստ են Տրանսպորտի և կապի նախարարությանը հետ հանձնել իրենց լիցենզիաները: Իսկ եթե սա էլ չօգնի, ապա դատի կտրվի նաև Կառավարությունը: