Ապրիլյան պատերազմում վիրավորված երկու զինծառայողի պրոթեզավորման հարցը լուծվել է, սոցիալական խնդիրները՝ ոչ
Ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշում վիրավորված ժամկետային զինծառայող Նորայր Զախարյանի առողջական իրավիճակը կայունացել է, ձախ ոտքը կորցրած զինվորն էլ ընտելանում է պրոթեզին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Զախարյանի մայրը՝ Գայանե Զախարյանը:
«Վերքն է մի քիչ ցավում, բայց ոչինչ, կսովորի, պրոթեզավորումն արվել է մեկ շաբաթ առաջ, ժամանակ է անհրաժեշտ»,-ասաց տիկին Զախարյանն ու ասաց, որ քառօրյա պատերազմից հետո Նորայր Զախարյանի հոգեվիճակը փոխվել է:
Տիկին Զախարյանի խոսքով՝ Նորայրին անհանգստացնող միակ խնդիրը այժմ սոցիալական ծանր պայմաններն են։
«Սոցիալական խնդիր ունենք, որդիս նեղվում է: Մեր ընտանիքում ոչ ոք չի աշխատում, աղջիկս առաջին կարգի հաշմանդամ է, տղաս էլ հաշմանդամության կարգ կստանա, իսկ մենք՝ ես ու ամուսինս չենք աշխատում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հաշմանդամության կարգի որոշմանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից թոշակ ստանալուն, տիկին Զախարյանն ասաց, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, ինչից հետո որդին հաշմանդամության կարգ կստանա:
Ապրիլյան պատերազմի հետևանքով ստորին վերջույթները կորցրած 19-ամյա կրտսեր սերժանտ Դավիթ Գրիգորյանն էլ դեռ սպասում է իր պրոթեզավորմանը: Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի մայրը՝ Արմենուհի Գրիգորյանն ասաց, որ պատրաստվում են որդու պրոթեզավորմանը, որը տեղի է ունենալու հինգշաբթի։
«Դավիթի վիճակը լավանում է, չափերը վերցրել են, հինգշաբթի առավոտյան կանչել են հիվանդանոց, որպեսզի պրոթեզավորումը տեղի ունենա»,-ասաց նա:
Տիկին Արմենուհին հայտնեց, որ Դավիթին, բացի առողջական վիճակից անհանգստացնում է նաև սոցիալական պայմանները. «Տան պայմաններն անհանգստացնող են, ընդամենը 100 հազ. դրամ պետական աջակցություն ենք ստացել, սպասում ենք փաստաթղթերի կարգավորմանը, որպեսզի հաշմանդամության թոշակ նշանակվի: Զգալի չափով ֆինանսական աջակցություն ստացել ենք նաև մասնավոր ընկերություններից ու անհատներից»,-ասաց տիկին Արմենուհին՝ հավելելով, որ բուժման ողջ ծախսերը հոգում է Պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների՝ ժամկետային զինծառայող Նորայր Զախարյանը վիրավորվել էր Թալիշում ականապատման իրականացման ժամանակ, իսկ պաշտպանական գծի առաջնագծում մարտի 30-ին վիրավորվել էր ժամկետային զինծառայող Դավիթ Գրիգորյանը՝ ականի պայթյունի հետևանքով կորցնելով ստորին վերջույթները: