Միլիարդատեր Սորոսը ԵՄ-ից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայի համար «սև ուրբաթ» է կանխատեսում
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը ենթադրություն է հայտնել, որ հունիսի 23-ին կանայալիք հանրաքվեի հաջորդ օրը, եթե Մեծ Բրիտանիան կողմ քվեարկի Եվրամիությունից դուրս գալու օգտին, երկրին «սև ուրբաթ» է սպասվում, որը նման կլինի 1992թ-ի սեպտեմբերի 16-ի «սև չորեքշաբթիին», երբ ֆունտ սթեռլինգը կտրուկ անկում ապրեց։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ին։
«Ֆունտ սթեռլինգը հավանաբար խիստ անկում կգրանցի, եթե հանրաքվեն ավարտվի ԵՄ կազմից դուրս գալու օգտին։ Իմ սպասելիքներով, անկումն ավելի զգալի և ավերիչ կլինի, քան 1992թ-ի 15%-ը, երբ ինձ հաջողվեց զգալի շահույթ ունենալ Անգլիայի Բանկի և բրիտանական կառավարության հաշվին»,- գրել է Սորոսը Guardian-ի հոդվածում։
Սորոսը նշել է, որ քվեարկության նման ավարտը Բրիտանիային ավելի ողբալի վիճակում կթողնի, քանի որ հետագա զարգացման մեջ անվստահ արտահանողները չեն կարող օգտագործել այն շահը, որը տրամադրում է ավելի էժան ֆունտը։
Ըստ նրա՝ ԵՄ կազմից դուրս գալու դեպքում ֆունտը կհավասարվի եվրոյին, իսկ բնակիչների մեծ մասը զգալիորեն կաղքատանա։