Մեր փոքրիկներն իրենց լավ են զգում, սակայն նախընտրում են մեծանալ իրենց ընտանիքում. «Երեխաների աջակցության կենտրոնի» փոխտնօրեն (տեսանյութ)
Նույնիսկ ամենանպաստավոր պայմաններում գտնվող երեխան ի ծնե անպաշտպան է, հենց միայն այն պատճառով, որ փոքրիկ է, դժվար է արտահայտվում, իր խնդրի մասին խոսել չի կարող: Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երեխաների աջակցության կենտրոնի» փոխտնօրեն Ռամոնա Կտակյանը՝ նշելով, թե կենտրոնում գտնվող երեխաներն այնպես մեծավարի են դատում և կյանքի մասին այնպիսի գնահատականներ ունեն, որ մեծերով հաճախ զարմանում են:
«Ինչ վերաբերում է մեծերին, որոնք պետք է պաշտպանեն փոքրերին, ապա մեր կենտրոնի անունից ասում եմ, որ մենք փորձում ենք անել ամեն ինչ: Մեր կենտրոնում ամենաբարդ իրավիճակում հայտնված երեխաներն են, ամենածանր դեպքերն այստեղ են ուղղորդվում»,-ասաց կենտրոնի փոխտնօրենը՝ մանրամասնելով. «Ներընտանեկան խնդիրներ, ծնողների խնդիրներ, տանից, դպրոցից փախուստ, կրթությունը մերժել, անապաստանություն, որն այսօր շատ լուրջ խնդիր է ընտանիքների պարագայում»:
Ռամոնա Կտակյանն ասաց, որ այս բոլոր խնդիրներն ածանցյալ են սոցիալական խնդիրներին, և ծնողները պարզապես չեն կարողանում հոգալ իրենց երեխաների կարիքները:
«Միածնող ընտանիքները ևս շատ են. կամ հենց սկզբից մայրը միայնակ մայր է և մենակ է մեծացրել իր երեխային, կամ պարզապես ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի և չեն կարողանում մեծացնել երեխային: Իսկ ոչ լիարժեք ընտանիքում մեծացող երեխան արդեն իսկ ունենում է խնդիրներ»,-նշեց փոխտնօրենը՝ հավելելով, որ կենտրոնում կա 30 երեխա, և երեխաների թիվն ավելանալու միտում ունի:
Նա նշեց նաև, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Save the Children կազմակերպության հետ նոր ծրագիր են սկսում՝ խնամատար ընտանիքի ծրագիրը, որի փորձն իրենք ունեն, քանի որ 2005-2006 թվականներին իրականացրել են այդ ծրագիրը:
«Այժմ նորից վերսկսում է այդ ծրագիրը, պետությունն արդարացիորեն ճիշտ գտավ, որ ընտանիքում մեծանալը բխում է երեխայի լավագույն շահից»,-ասաց Ռամոնա Կտակյանը՝ շարունակելով, թե որքան էլ կենտրոնում կավ է, միևնույն է՝ այն ընտանիք չէ:
«Ձգտում ենք, որ ամեն ինչ լինի տան նման, նույնիսկ մասնագետներին ընտրելիս ընտրում ենք այնպիսի մասնագետ, որը մայրիկի կերպարում կլինի, մանկավարժ, որը հայրիկի կերպարում կլինի և կսովորեցնի երեխաներին, թե ինչպիսին պետք է լինի հայրիկը, ինչպիսին պետք է լինեն հարաբերություններն ընտանիքներում: Սակայն, միևնույն է, նույնիսկ ամենավատ ծնողն իր երեխայի համար լավագույնն է»,-նշեց փոխտնօրենը:
Tert.am-ը զրուցեց նաև «Երեխաների աջակցության կենտրոնի» երեխաների հետ:
12-ամյա Մ. Հ.-ն զրույցում ասաց, որ երազում է հոգևորական դառնալ:
«Երբ շատ փոքր էի, էլի ուզում էի հոգևորական դառնալ: Հետո եկա այստեղ, ու այստեղ ամեն շաբաթ մեկ անգամ հոգևորական է գալիս՝ տեր Աշոտը: Մի անգամ իրեն խնդրեցի, թե կարող եմ եկեղեցի գալ, ինքն ասաց՝ այո, ու ես գնում եմ եկեղեցի: Հիմա արդեն որ արձակուրդներ են, ամեն օր ժամը 17-ին ժամերգության եմ գնալու, իսկ կիրակի օրերին՝ պատարագի»,-ասաց Մ. Հ.-ն:
Հարցին, թե ինչ խնդիրներ ունեն փոքրերը, որ մեծերը պետք է ու պարտավոր են լուծել, 12-ամյա տղան պատասխանեց. «Մենակ էն ա, որ պետք ա անվտանգ երկրում ապրենք: Կարևորն էն ա, որ հիմա մեր զինվորները սահմանը հսկում են, ու երեխաներն էլ անվտանգ ապրում են»:
Փոքրիկ Սվետան, որ ընդամենը 11 տարեկան է, ասաց, թե երազում է երգչուհի դառնալ ու Tert.am-ի ընթերցողների համար երգեց «Թռչեի մտքով տուն» երգը:
10-ամյա տղաներից մեկն էլ ասաց, որ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ցանկանում է, որ բոլոր երեխաներն ուրախ լինեն և որ բոլոր երեխաների երազանքները կատարվեն:
«Արա՛, բոլոր երազանքները չէ, դրանք ո՞նց կարող են կատարվել: Ասա՝ նայած երազանք»,-միջամտեց մեկ այլ փոքրիկ:
10-ամյա տղան մտածելուց հետո ասաց, թե երազում է բժիշկ դառնալ, բայց եթե չստացվի, պառկուռիստ է դառնալու:
-Պառկուրիստն ի՞նչ է:
-Ի՜, չգիտես, էսօր էլի լրագրող էր եկել ու էլի չգիտեր, թե պառկուրիստն ինչ ա: Էն, որ սալտո են տալիս, կասկադյորություն են անում: Բայց առաջին հերթին խաղաղություն ա պետք, որ մենք էլ հասնենք մեր երազանքներին: Բայց ներքին խաղաղություն էլ ա պետք:
-Հա՜, նախ ներքին խաղաղություն է պետք:
-Չէ՛, նախ արտաքին խաղաղություն է պետք, հետո նոր՝ ներքին:
Փոքրիկներից մեկն էլ ասաց, թե շատ է ուզում, որ խոհարար դառնա, որպեսզի պիցցա ու չիփս պատրաստի:
Դիտարկմանը, թե չիփսն այդքան էլ օգտակար բան չէ, ասաց, որ բոլոր մեծերը նույն բանն են ասում. «Դե լավ, շատ պիցցաներ կսարքեմ: Այստեղ մեր խոհանոցում սովորում ենք պատրաստել, ու ինձ շատ է դուր գալիս կերակուրներ սարքելը: Մեծանամ, սարքեմ, լրագրողներով համեցեք պիցցա ուտելու»,-ասաց փոքրիկը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: