Ռուսաստանը մասամբ կչեղարկի տավարի մսի ու բանջարեղենի էմբարգոն
Ռուսաստանի կառավարությունը որոշել է թեթևացնել սննդամթերքի էմբարգոն և թույլատրել տավարի մսի, թռչնամսի ու բանջարեղենի մուտքը երկիր, այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից։
«Երկրի ներսում մանկական սննդի արտադրությունը խթանելու նպատակով կառավարության որոշմամբ 2016 թվականի մայիսի 27-ից բացառություն է արվում բացառապես մանկական սննդի արտադրության համար հումքի ներմուծման էմբարգոյի համար»,-ասել են գերատեսչությունից։
Ապրանքները Ռուսաստան հնարավոր կլինի ներմուծել միայն դրանց նպատակը հաստատելուց հետո։ Գյուղատնտեսության նախարարությունը որոշելու է ներմուծվող հումքի ծավալը՝ մանկական սնունդ արտադրողների պահանջարկի վերլուծության հիման վրա։
Ավելի վաղ երկրի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդել էր այն մասին, որ մեկնարկել են սննդամթերքի էմբարգոն մինչև 2017 թվականի վերջը երկարաձգելու կառավարության որոշման աշխատանքները։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, հանձնարարել էր առաջարկ նախապատրաստել, համաձայն որի Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները կերկարաձգվեն։