Ամեն օր ասում եք՝ հեսա ուժեղ ընդդիմություն ենք ունենալու. Աստված տա. Է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ուրախ է, որ ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը քառօրյա պատերազմից հետո վերադարձել է Հայաստան:
«Եկել է Հայաստան, Արցախ, բարով է եկել, ես ուզում եմ, որ բոլոր հայերը վերադառնան, ոչ թե հեռանան»,-լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխխոսնակը:
Դիտարկմանը, թե Բաբայանը երեկ քննադատել է ՀՀ իշխանություններին նրա համար, որ 800 հեկտար կորցրած տարածքը համարում են ոչ մարտավարական, որ պաշտպանողական քաղաքականություն են վարում, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ես իշխանության թերացումների ու առավելությունների մասին բազում անգամ խոսել եմ, անգամ անկախ հարգարժան գեներալի հայտարարություններից իշխանությունը շատ լավ գիտի իր առավելություններն ու թերությունները: Չեմ ուզում հեռակա բանավեճի մեջ մտնել Արցախյան հերոսի հետ»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե խորհրդարանական հաջորդ ընտրություններից առաջ հուժկու ուժ է ձևավորվում՝ ի դեմս Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. ««Հարսնացուն հյուսիս»-ից ֆիլմը տեսե՞լ եք: Ասում ա՝ когда приедет мама? Պատասխանում ա՝ может завтра, может после послезавтра: Հիմա էդ մեր ընդդիմությունն ա: Ամեն օր ասում եք՝ հեսա ուժեղ ընդդիմություն ենք ունենալու: Աստված տա, ինչ ասեմ»: