Եզրափակչում շատ բան կախված կլինի մարտավարությունից. Գոդին
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման մասին:
«Մեր գլխավոր գաղտնիքը թիմային աշխատանքն է: Պարզապես անհավանական է, թե ինչպես է ամբողջ թիմն օգնում պաշտպանության գծին: Հարձակվողներ Ֆերնանդո Տորեսը, Անտուան Գրիզմանը կամ Յանիկ Կարասկոն միշտ մեզ հետ են պաշտպանվում:
Դա ցույց է տալիս, թե որքան որոշիչ է մեր թիմային խաղաոճը: Մեզ լարված եզրափակիչ է սպասվում: Պետք է ֆիզիկապես լավ պատրաստված լինենք: Այո, կարող եմ նշել, որ եզրափակչում կարեւոր դեր է խաղալու մարտավարությունը:
Ինչպես եւ անցյալում, այս անգամ նույնպես մենք ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Դա նույնն է, ինչ միջազգային ասպարեզում Աշխարհի առաջնության գավաթը նվաճելը»,- Գոդինի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ «Ատլետիկոյի» եւ «Ռեալի» միջեւ հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին: