Հանրային գիտակցության մակարդակով երկրում տոտալ անվստահություն կա ցանկացած ռեֆորմի նկատմամբ. Ն. Զոհրաբյան
Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի` հանրային գիտակցության մակարդակով ցանկացած բարեփոխման դեմ կա անընդհատ անվստահություն, և պատճառը մեկն է` տոտալ անվստահություն ցանկացած փոփոխության դեմ, որը գալիս է վերևից:
Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի շուրջ ելույթ-քննարկմանը հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` հարցնելով.«Երբևէ մեզ հարց տվե՞լ ենք, թե ինչու մեր երկրում ցանկացած ռեֆորմ արժանանում է բուռն հակազդեցության։ Հիշենք այս կուտակային կենսաթոշակայինի պարտադիր կոմպոնենտի ներդրման հետ կապված քննարկումները, միտինգները, ՍԴ դիմելը, որին միացել էր նաև ԲՀԿ-ն»:
Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց իր գործընկերների դիտարկման հետ, որ այդ տոտալ անվստահության պատճառն այն է, որ առ այսօր հանրությունը չի տեսել, որ որևէ փոփոխություն բերի որևէ դրական արդյունք:
Իսկ ավանդների այս համակարգի նկատմամբ անվստահոթյունը գալիս է մեր ծնողների , տատերի, պապերի «Հայխնայբանկում» ավանդադրված գումարների վերադարձի գործընթացներից:
«200 տարեկան պիտի լինես, ինչ-որ խնամակալ ունենաս, որ ներառված լինես, մարդիկ մահանում են, և ժառանգները զրկվում են այդ չնչին փոխհատուցումից»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ այդ տոտալ անվստահությունը պետք է հաղթահարվի պետության կողմից, սա ամենակարևոր խնդիրն է: Իսկ դա անելու համար, ըստ Նաիրա Զոհրաբյանի, պետք են մեկ-երկու կոնկրետ օրինակներ, որոնք կապացուցեն, որ « ճիշտը, ոչ թե հանրությունն է, որ ասում է` տառապանքս փորձ ունի»,այլ այդ ռեֆորմներն իրականացնողները: