Խոսել, որ թուրքերն հանդուրժող են, նույնն է, թե ասել Հիտլերը քրիստոնյա է. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե իրենք հանդուրժող են, ասաց, որ հայկական կողմը միջազգային հանրությանը պետք է փաստեր ներկայացնի:
«Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններն ավելի մեծ սուտ են հորինում, որ իրեն հավատան, ապա մենք պետք է ներկայացնենք փաստերը: Թուրքիայում մինչև 1915թ-ը եղել են հազարավոր հայկական ու հունական եկեղեցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը գոյություն չունի, եղել են եկեղեցիներ, որոնք վեր են ածվել գոմերի, լավագույն դեպքում՝ մզկիթների: Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի, խորհրդանիշերից մեկը Սուրբ Սոֆիայի տաճարն է, որը ժամանակին օսման թուրքերը վերածեցին Այա Սոֆիա մզկիթի»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ թուրքերից հետ չեն մնացել նաև ադրբեջանցիները՝ Նոր Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը ցույց է տալիս Ադրբեջան պետության չակերտավոր հանդուրժող դեմքը:
«Կարծեմ՝ Չավուշօղլուն այդ հայտարարությունը Բաքվում է արել: Էրդողանն էլ է փայլել իր մտքի գոհարներով: Բայց չմոռանանք՝ Թուրքիայում մինչև 1915 թվականը եղել են հազարավոր հայկական ու հունական եկեղեցիներ: Այդ եկեղեցիների մեծ մասն այլևս չկա, որոշներն էլ վերածվել են գոմերի, լավագույն դեպքում՝ մզկիթների: Թուրքիան տարիներ շարունակ՝ իրականացրել է մշակութային ցեղասպանություն: Նոր Ջուղայի խաչքարերի մասին էլ կարելի է հիշել: Այս մասին ողջ քաղաքակիրթ աշխարհը գիտի: Էլ ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը: Ասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդուրժող են, նույնն է, թե՝ Հիտլերը քրիստոնյա էր», – ասաց Շարմազանովը: