Պետք է բացառվի հակամարտության բռնկումը թեժ կետի, որովհետև դա տարածաշրջանի համար ամենավտանգավոր հետևանքներով լի կլինի. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության վարչապետների միջև այսօր Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող մարտերը։
Ինչպես հանդիպումից հետո ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հարցը քննարկվեց ոչ միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, այլև կքննարկվի ՀՀ նախագահի հետ։
«Իրավիճակն առանց որևէ կասկածի մեզ համար խիստ մտահոգիչ է։ Մենք հույս ունենք, որ կշարունակվի պահպանվել հրադադարի ռեժիմը, հույս ունենք, որ կվերսկսվի քաղաքական գործընթացը, որի համար շատ ջանք է գործադրվել, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորներ և իհարկե որպեսզի չզոհվեն մարդիկ»,- շեշտեց ՌԴ վարչապետը։
Դմիտրի Մեդվեդևը հավաստիացրեց, որ Ռուսաստանը շարունակելու է միջնորդի դեր ունենալ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, այնպես էլ իր ազդեցությունը օգտագործելով՝ համապատասխան ընթացակարգերի շրջանակներում։
«Այն մեխանիզմը, որն այսօր գոյություն ունի, չունի այլընտրանք։ Դրա լիազորությունները ամրագրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներով։ Կարևորը, որը կուզեմ շեշտել այն է, որ պետք է բացառվի հակամարտության բռնկումը թեժ կետի, որովհետև դա տարածաշրջանի համար ամենավտանգավոր հետևանքներով լի կլինի»,- ընդգծեց ՌԴ վարչապետը։