ԵՏՀ Կոլեգիան հաստատել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի համար ներկրվող ապրանքները մաքսատուրքերից ազատելու մասին նախագիծը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանության է արժանացրել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար ապրանքները ներմուծման մաքսային տուրքերից ազատելու մասին որոշման նախագիծը:
Ինչպես տեղեկանում ենք ԵՏՀ մամլո հաղորդագրությունից` մարտի 15-ին ԵՏՀ Կոլեգիան հաստատել է ԵՏՀ խորհրդի նախագիծը Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար Հայաստան ներմուծվող սարքավորումների և բաղադրամասերի մաքսատուրքերը չեղարկելու մասին:
Որոշման նախագծի համաձայն` սակագնային զեղչեր ստանալու համար ներկրողը Հայաստանի Հանրապետության մաքսային իշխանություններին պետք է ներկայացնի ներկրվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը:
Տվյալ միջոցառումն ուղղված է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման գործով Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորվածությունների կատարմանը: