Մեկնարկել է քաղաքացիների երթը Մատենադարանից դեպի Հանրապետության հրապարակ (տեսանյութեր)
Քաղաքացիների երթով Մատենադարանից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ այսօր նախատեսված է հանրահավաք:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ավելի վաղ ասել էր, որ իրենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ չունեն:
«Բոլորիս համար չափազանց դժվար է տեսնել՝ ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը: Հետևում և մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու ու Տավուշի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ», - ասել էր Բագրատ Սրբազանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա: Բագրատ Սրբազանի խոսքով՝ հանրահավաքը միտված է Հայաստանում ստի և կեղծիքի մերժման, ճշմարտության և արդարության հաստատման:
«Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում... Մենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ, որպես այդպիսին, չունենք՝ հաշվի առնելով այն ծանր իրավիճակը մեր հոգիներում, մեր մտքում, մեր հյուսիսային սահմաններում պատահած աղետի հետևանքով», - հավելել է Սրբազանը:
Նա նաև Տավուշի և Լոռիի բնակիչներին հորդորել էր չգալ Երևան՝ մասնակցելու այսօրվա հանրահավաքին:
«Մեր խնդրանքն է, որպեսզի մնան և օգնեն Լոռիում և Տավուշում կարիքի մեջ գտնվող մեր ժողովրդին: Ձեր ներկայությունը մշտապես չափազանց կարևոր և անհրաժեշտ է, այդուհանդերձ, այսօր ձեր առաքելությունն այդտեղ է՝ Լոռիում և Տավուշում», - ասել է Տավուշի թեմի առաջնորդը:
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: