Ռոմարիոն 58 տարեկանում վերսկսել է կարիերան՝ որդու հետ նույն թիմում խաղալու համար
Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոմարիոն ընդգրկվել է Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող «Ամերիկա» ակումբի հայտացուցակում, որտեղ նա զբաղեցնում է ակումբի նախագահի պաշտոնը։ «Ամերիկան» հանդես է գալիս բրազիլական D սերիայում: Ռոմարիոն 58 տարեկան է:
«Հասկացե՛ք, որ ես չեմ պայքարում չեմպիոնության համար, այլ ցանկանում եմ մի քանի հանդիպում անցկացնել իմ սրտի թիմի համար։ Բացի այդ, ես պատրաստվում եմ իրականացնել ևս մեկ երազանք՝ խաղալ որդուս հետ»,- Ռոմարիոյի խոսքերը մեջբերում է ESPN FC-ն:
Նրա որդին՝ Ռոմարինյոն, 30 տարեկան է։
Ռոմարիոն 1994 թ. աշխարհի չեմպիոն է Բրազիլիայի հավաքականի հետ։ Նա խաղացել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում», իսպանական «Բարսելոնայում» և «Վալենսիայում», ինչպես նաև բրազիլական բազմաթիվ ակումբներում, այդ թվում՝ «Վասկո դա Գամա», «Ֆլամենգո», «Ֆլումինենսե» և այլն։ «Ամերիկայի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 2009 թվականին։