Հայաստանը 19 միլիոն դրամի օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի
Կառավարությունը իր այսօրվա նիստում քննարկեց Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ՆԳՆ-ին և ՊՆ-ին գումար հատկացնելու հարցը։
«Կառավարության որոշման այս նախագծի ընդունումը պայմանավորված է Գազայի հատվածում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1․5 մլն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու հանգամանքով։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց առաջարկվում է տրամադրել մթերք և դեղեր՝ հասցեագրելով նրանց առաջնային կարիքները։
Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 մլն դրամ, մթերք, որի շրջանակներում կա պահածոյացված մթերք և չոր սնունդ, դեղեր, այդ թվում բժշկական լուծույթներ ու հակաբիոտիկներ։ Մարդասիրական օգնությունը, ընդհանուր առմամբ կազմում է 29․94 տոննա։ Քանի որ օգնության տեղափոխումը իրականացվում է ՊՆ-ի կողմից, առաջարկվում է ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․
«Ինչպես տեղյակ եք այս հումանիտար բեռի առաքման վերաբերյալ ես հայտարարեցի Եգիպտոսի արաբական հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Այնտեղ հարցեր կային լոգիստիկայի հետ կապված։ Այս աջակցությունը Գազայի բնակիչներին հասցնելու համար ունենք Եգիպտոսի կառավարութան աջակցության կարիքը, որովհետև մենք բեռը ուղիղ չենք կարող տեղ հասցնել»։
ՆԳ նախարարի տեղակալը նշեց, որ Եգիպտոսի կառավարության հետ ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր պայմանավորվածությունները։