Ժիլետ, տաբատ, սվիտեր ու Փարաքարի խանութից գնած 11․000 դրամանոց կոնյակ, որը տարել են պարեկի գյուղի բնակարան․ ի՞նչ են արել պարեկները և ի՞նչ կաշառք են վերցրել՝ ըստ մեղադրանքի
Ինչպես հայտնի է, դեռևս մարտ ամսին պարեկային ծառայողներ Արամայիս Արմենի Ազատյանի,
Արմեն Վաչագանի Մանուկյանի և Վահե Վահանի Մամիկոնյանի գործողությունների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, նրանց մեղադրանք էր ներկայացվել և գործն ուղարկվել էր դատարան դեռևս ապրիլին։
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից առավել մանրամասն տեղեկանում է, թե ինչ գործողությունների մեջ են մեղադրվում պարեկները և ի՞նչ կաշառք են վերցրել՝ ըստ մեղադրանքի։
Այսպիսով․ պարեկ Վահե Վահանի Մամիկոնյանին այդ ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել այն արարքի համար, որ նա ծառայության ընթացքում առանց ապահովագրության մեքենա է հայտնաբերել և վարորդ Մարգար Սայադյանի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման արձանագրություն, որն ամբողջությամբ չի լրացրել, հետո տեղեկանալով, որ նա այլ պարեկի մտերիմ անձ է, 100․000 դրամի փոխարեն տուգանել է 10․000 դրամով։
Նույն օրը պարեկ Արամայիս Ազատյանն ավտովարորդ Մարգար Սայադյանին տեղեկացրել է, որ 100.000 ՀՀ դրամի փոխարեն տուգանվել է 10.000 ՀՀ դրամով ու ընդունել է Մարգար Սայադյանի կաշառք տալու առաջարկը: Մարգար Սայադյանը նախ՝ մտադրություն է ունեցել պարեկ Արամայիս Ազատյանին որպես կաշառք տալ 20 լիտր բենզին, մինչդեռ՝ հետագայում որոշել է տալ մեկ շիշ կոնյակ: Մարգար Սայադյանը Փարաքարի խանութից գնել է 11.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ կոնյակ, և տվել է Արմեն Մանուկյանին, որ նա փոխանցի պարեկ Արամայիս Ազատյանին։
Արմեն Մանուկյանը վերցրել է կոնյակը, հեռախոսազանգի միջոցով այդ մասին տեղեկացրել է Արամայիս Ազատյանին, իսկ հաջորդ օրը անձամբ այցելել է Արմավիրի մարզի Խորոնք գյուղում գտնվող Արամայիս Ազատյանի բնակարան և նրան փոխանցել Մարգար Սայադյանից ստացած 11․000 դրամանոց մեկ շիշ կոնյակը:
Արամայիս Ազատյանը մեղադրվում է երկու դրվագով, մյուս դրվագն այն է, որ նա լինելով պարեկ, 2021 թվականի դեկտեմբերից սկսած ծառայության բերումով ծանոթանալով ճանապարհային երթևեկության ոլորտում հաճախակի տարբեր խախտումներ կատարող քաղաքացի Գեղամ Միքայելյանի հետ, նա չի արձանագրել Գեղամ Միքայելյանի կողմից կատարած ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումները, փոխարենը ընդունել է Գեղամ Միքայելյանի՝ իր համար խանութից հագուստներ գնելու, դրանով իսկ կաշառք տալու առաջարկը։
Սայաթ–Նովա պողոտայում գործող խանութում պարեկը վերցրել է 71․000 դրամանոց «Zilli» ժիլետը, «Darzini» տաբատը և «Giovani Vitorini» սվիտերը։
Հետագայում Արամայիս Ազատյանը շարունակել է Գեղամ Միքայելյանի նկատմամբ դրսևորել հովանավորչություն, միջնորդել է․ որ մյուս պարեկներն էլ չտուգանեն նրան։
Պարեկներ Վահե Մամիկոնյանի և Արմեն Մանուկյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ , ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է․«Վահե Վահանի Մամիկոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով դադարեցնել: Արմեն Վաչագանի Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով դադարեցնել»:
Որպես մեղադրյալ հարցաքննության ընթացքում Արմեն Մանուկյանը մասնավորապես նշել է՝ « Առաջադրված մեղադրանքում ես ինձ լիովին մեղավոր եմ ճանաչում, զղջում եմ կատարածիս համար: Ի սկզբանե, ես համագործակցել ու հետագայում էլ շարունակելու եմ համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ։ Ես սույն գործով որպես կասկածյալ արդեն իսկ հարցաքննվել եմ և դեպքի կապակցությամբ տվել եմ մանրամասն խոստովանական ցուցմունքներ։ Ներկա պահին էլ պնդում եմ որպես կասկածյալ իմ տված ցուցմունքի ճշտությունը, չեմ ցանկանում նորից կրկնվել ու մանրամասն նորից պատմել եղելությունը: Ընդունում եմ, որ ես եմ Մարգար Սայադյանի տված մեկ շիշ կոնյակը տվել Արամայիս Ազատյանին և տեղյակ եմ եղել, որ Մարգար Սայադյանը այդ կոնյակը Արամայիս Ազատյանին տվել է որպես նրա կատարած լավության դիմաց շնորհակալություն: Ինքս որևէ շահ չեմ ունեցել, ուղղակի որպես հարևան չեմ կարողացել մերժել Մարգարի խնդրանքը՝ կոնյակը փոխանցելու վերաբերյալ։ Օգտվելով մեղադրյալի իմ իրավունքներից հրաժարվում եմ ցուցմունք տալուց: Նշեմ, որ ինքս չեմ ցանկանում սույն գործով իմ դեմ վկայած անձանց հակընդդեմ հարցման ենթարկել, սակայն եթե նախաքննական մարմինը այլ անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու նպատակով ինձ պետք է առերեսի, ապա ես պատրաստ եմ նաև առերեսման ու կարող եմ ամբողջությամբ պնդել իմ տված ցուցմունքները»։
Դատավարության կողմ հանդիսացող պաշտպանները միջնորդություններին չեն առարկել, առարկել է դատախազը, որը վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչն էլ Վերաքննիչ դատարանը բավարարել է՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումները։ Ներկայացված է վճռաբեկ բողոք, դատաքննությունը շարունակվում է։