Նստեք Իլհամ Ալիևի հետ և որոշում կայացրեք, եթե որոշումն այսօր չընդունվի, ավելի վատ կլինի․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որն անցկացվել է առցանց։ Հայտնում է Belarus.kp-ն։
Լուկաշենկոն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի երկու հարցի․
-Դուք մեր առջև երկու հարց եք դնում. Նախ կարդացի. «Իրադարձությունների գնահատականը և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»։ Դուք պահանջեցիք, որ մենք որոշենք մեր դիրքորոշումը։ Դուք չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով,- ընդգծել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն պատասխանել է նաև երկրորդ հարցին, որը վերաբերում էր Հայաստանի ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզին։
- Երկրորդ հարցը՝ «Տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»։ Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եթե որոշումն այսօր չընդունվի, ավելի վատ կլինի։
-Դուք ինքներդ եք դա հասկանում։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ։ Այստեղ դուք երկու հարց եք դրել։ Նիկոլ Վովաևիչ,դրանք ավելի քան տարօրինակ են,- նշել է Լուկաշենկոն։