Ղազախստանն Արցախի օկուպացված տարածքներում «նվեր» կմատուցի Ադրբեջանին
Ղազախստանի նախագահի հանձնարարությամբ Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում կկառուցվի Կուրմանղազիի անվան երեխաների ստեղծագործական զարգացման կենտրոն։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ղազախստանի ղեկավարը նշել է, որ կենտրոնը լինելու է ղազախ ժողովրդի նվերը ադրբեջանական ժողովրդին՝ մարմնավորելով երկրների բարեկամությունը, եղբայրությունը և փոխադարձ աջակցությունը։
Երկհարկանի շինություն՝ 3100 ք.մ. նախատեսված է 600 աշակերտի համար։ Կենտրոնի շինարարությունը կսկսվի այս տարվա սեպտեմբերին և կավարտվի 2023 թվականի դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։