Քննիչ, դատախազ, դատավորներ, նրանց ձեռքերին է Արմեն Գրիգորյանի արյունը՝ բարոյական առումով, իրավական առումով՝ դեռ կպարզվի․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Քննիչ, դատախազ, Վերաքննիչի ու Առաջին ատյանի դատավորներ, նրանց ձեռքերին է Արմեն Գրիգորյանի արյունը՝ բարոյական առումով, իրավական առումով՝ դեռ կպարզվի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քննիչը, դատախազը և Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը որևէ կերպ իրենց ցույց չեն տվել, հանրային դաշտում չկան։ Մինչդեռ Առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ոչ շատ կոռեկտ հարցազրույց է տալիս, հայտարարում է, որ դուրս է գալիս Դատավորների միությունից, դատավորների գնահատման համակարգում շատ արագ շատերը մտնում ու դրական գնահատական են դնում նրան։
Այսպիսով դատավոր Ալեքսանյանը ինֆորմացիոն առիթ է դարձնում ինքն իրեն ու այդ պատճառով էլ Արմեն Գրիգորյանի մահվան դեպքով ամենաշատը ինքն է թիրախավորվում»,-նշել է Մելիքյանը։
Նա նաև ասել է, որ Արմեն Գրիգորյանը դասագրքային քաղբանտարկյալ էր։ Մելիքյանը շեշտել է, որ Գրիգորյանի առողջական վիճակի մասին գրավոր չեն տեղեկացրել դատախազություն, դատարան և վարույթն իրականացնող մարմին, քանի որ պաշտպանյալն արգելել է։ Բացի այդ, ըստ փաստաբանի, Արմեն Գրիգորյանն այնպիսի առողջական խնդիր չի ունեցել, որն անհամատեղելի կլիներ կալանքի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․