Ճապոնիայում փոխհատուցում են տվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հետևանքով մահացածի ընտանիքին
Ճապոնիայի առողջապահության նախարարության հանձնաժողովը որպես փոխհատուցում՝ 44,2 միլիոն իեն է վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հետևանքով մահացած 91-ամյա կնոջ ընտանիքին: Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ պատվաստումն ստանալուց հետո կնոջ մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել, իսկ ավելի ուշ նա սրտի նոպա է ունեցել։ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը նշում է նաև, որ կինը պատվաստումից առաջ այլ հիվանդություններ է ունեցել։ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ պատվաստումն ստանալու և դրան հաջորդած առողջական վիճակի միջև կա պատճառահետևանքային կապ՝։
Ըստ ճապոնական օրենսդրության, պատվաստման հետևանքով մահ գրանցվելու դեպքում պացիենտի ընտանիքի անդամներին տրամադրվում է փոխհատուցում՝ 44,2 միլիոն իենի չափով, փոխհատուցվում են նաև հուղարկավորության ծախսերը։
Kyodo գործակալության տվյալներով՝ պատվաստումից հետո առողջության վատթարացման համար փոխհատուցում ստանալու հայտ է ներկայացրել 3 680 քաղաքացի, առայժմ բավարարվել է 850 հայտ։