Բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային 13 միջոցից 7-ը տուգանվել է 3 միլիոն 200 հազար դրամով․ ՔՏՀԱ տեսչական մարմինը կշռում է իրականացրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է կատարած ստուգայցի արդյունքների մասին․
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։
Տեսչական մարմինը հուլիսի 11-ին և 12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Արարատի մարզում։
Մարզի Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 և տեղական նշանակության Տ-2-50 ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում կշռվել են 13 տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցների վարորդներ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 3 միլիոն 200 հազար դրամ»,- նշված է հաղորդագրությունում: