Վրաստանը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա կվնասի ազգային շահերին և ժողովրդի շահերին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք ուսումնասիրել ենք գործընկերների գործողությունները... Ես նկատի ունեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Եվ ես ուզում եմ վճռականորեն նշել, որ Վրաստանը, հաշվի առնելով ժողովրդի և ազգային շահերը, չի նախատեսում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն կվնասի մեր երկրին և բնակչությանը։ Ուստի, որպես ներքին ու արտաքին քաղաքականության համար պատասխանատու անձ, ես գործելու եմ միայն ազգային շահերից ելնելով»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։