Ռուսական ագրեսիայի հիմնական թիրախը Զելենսկին է. ԱՄՆ Պետդեպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է մնալ «ռուսական ագրեսիայի գլխավոր թիրախը», ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
CNN-ի հետ զրույցում Փրայսն ասել է, որ Զելենսկին «շատ առումներով ներկայացնում է, նույնիսկ անձնավորում է Ուկրաինայի ժողովրդավարական նկրտումները և ուկրաինացի ժողովրդի հավակնությունները»:
«Այնպես որ, իհարկե, նա կմնա ռուսական ագրեսիայի հիմնական թիրախը», - ասել է նա։
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահը և նրա թիմը «մոտակա ժամերին, առաջիկա օրերին պատրաստվում են որոշումներ կայացնել՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչն է ձեռնտու նրանց, ուկրաինացի ժողովրդին և ուկրաինական պետությանը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։
«Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։