ՌԴ-ն Բելառուսով դեպի Չեռնոբիլ է հասել պոնտոնային կամրջի օգնությամբ. CNN-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել
Փետրվարի 24-ի երեկոյան ռուսական մեքենաների երկար շարասյունն ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ գտնվող Պրիպյատ գետի վրայով անցել է ռազմական պոնտոնային կամրջի օգնությամբ։ Այս մասին են վկայում Capella Space-ի արբանյակային նոր լուսանկարները, հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ առաջին անգամ պոնտոնային կամուրջը նկատվել է փետրվարի 15-ին։ Լուսանկարում երևում է, որ բելառուսական լքված Դովգլյադի գյուղի մոտ գտնվող պոնտոնային կամրջից 1,5 կմ հեռավորության վրա տասնյակ միավոր տեխնիկա է կուտակվել։
Այս վայրից ճանապարհը, հատելով Ուկրաինայի հետ պետական սահմանը, տանում է դեպի Չեռնոբիլի ատոմակայան։
Ռուս դեսանտայիններն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի շրջանում գտնվող տարածքը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Երեկ՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի շրջանում գտնվող տարածքի նկատմամբ»,- ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ կայանի տարածքում ռադիացիոն ֆոնը նորմալ է, անձնակազմը շարունակում է նորմալ ռեժիմով սպասարկել նրա օբյեկտները և վերահսկել ռադիոակտիվ իրավիճակը։
«Ռուս դեսանտայինների և ԱԷԿ-ի անվտանգության գումարտակի ուկրաինացի զինծառայողների համատեղ գործողությունները կայանի պաշտպանության համար երաշխիք են, որ ազգայնական կազմավորումները կամ այլ ահաբեկչական կազմակերպությունները չեն կարողանա օգտվել երկրում ստեղծված իրավիճակից՝ միջուկային սադրանք կազմակերպելու համար»,- ընդգծել է Կոնաշենկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։
«Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։