Պատերազմի 2-րդ օրը. ինչ իրավիճակ է Կիևում. The Guardian-ը ֆոտոշարք է հրապարակել
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից, որը պատրաստվում է ռուսական զորքերի ներխուժմանը:
Պարբերականը հիշեցնում է, որ ՌԴ-ն երկու օր առաջ սանձազերծել է լայնածավալ ցամաքային ներխուժում և օդային հարձակում, որն արագորեն խլել է տասնյակ կյանքեր և տեղահանել առնվազն 100 000 մարդ:
Ինչպես Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այսօր ռուսական զորքերը կփորձեն գրոհել Կիևը։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են փետրվարի 25-ին հարձակվել Կիևի վրա:
«Ամենադժվար օրը կլինի այսօր: Թշնամու ծրագիրն է Իվանկովից և Չեռնիգովից տանկային շարասյուներով ճեղքել մինչև Կիև»,- գրել է նա՝ հավելելով, որ «ռուսական տանկերը հիանալի այրվում են», երբ խոցվում են «Ուկրաինայի դաշնակիցների նվերներով (նկատի ունի Արևմուտքից ստացած զինատեսակները-Tert.am)»:
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը պաշտպանում են Կիևի երկինքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։