Փորձում են կոտրել դատական համակարգը, սահմանափակել դատական համակարգի անկախությունը. Արման Հովհաննիսյան
Հայաստանում չկա մեկ դատավոր, որը չհասկանա, թե Հայաստանում դատական համակարգի առջև ինչպիսի խնդիրներ կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:
«Փորձում են սահմանափակել դատական համակարգի անկախությունը, հնարավոր ճնշումներ են, փորձում են կոտրել դատական համակարգը ու հիմա, եթե որոշ դատավորներ պետք է առաջնորդվեն նեղ անձնական շահերով, ես չգիտեմ՝ դրան ինչ գնահատական տալ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հովհաննիսյանը։
Արման Հովհաննիսյանի խոսքով՝ մենք պետք է պաշտպանենք դատական համակարգը, պետք է համախմբվել, չպետք է լինի նեղ անձնական շահերով ղեկավարվել, իսկ, եթե համախմբվածություն եղավ, վստահաբար ասում եմ՝ դատական համակարգին որևէ վտանգ չի սպառնա:
Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով,որը սակայն, չի կայացել. քվորում չի եղել, ներկա էր 89 դատավոր: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։
Նշենք, որ օրեր շարունակ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Գագիկ Ջհանգիրյանը լծակներ է գործադրում՝ ժողովին քվորում չապահովելու և նիստը տապալելու համար։ Ըստ էության նիստը տապալել հաջողվել է, քանի որ Դատավորների ժողովին են ներկայացել միայն 89 դատավոր, անգամ՝ ստորագրած 93 դատավորից եղել են դատավորներ, որոնք չեն ներկայացել նիստին։