Եթե կարողանում են այնպես ներազդել, որ դատավորը չգա ընդհանուր ժողովին, ապա այդպիսի դատավորը լուրջ խնդիրներ ունի. Արշակ Վարդանյանը՝ ընդհանուր ժողովը տապալելու մասին
Դատավորների ընդհանուր ժողովը տապալելու մասին տեղեկություն կար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը` անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովի տապալմանը, որի կայացման համար ստորագրած դատավորները չէին ներկայացել և քվորում չէր ապահովվել: Ըստ Արշակյանի՝ սակայն սա այնպիսի հարց էր, որ բոլորը պետք է ներկայանային: Բոլոր դատավորները պարտավոր էին գալ, ընդ որում, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքն ուղղակի պարտականություն է դնում բոլոր դատավորների վրա՝ մասնակցելու ընդհանուր ժողովի նիստերին, իսկ թե ինչու չէին եկել, այ դա է մի քիչ հետաքրքիր։ Ուրբաթ օրով էդ ի՞նչ նիստեր էին անհապաղ քննարկման ենթակա, որ չեն եկել և քվորում չկարողացանք ապահովել»,- նշեց Վարդանյանը:
Դիտարկմանը, թե ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հաջողվեց տապալել նիստը, զանգել, ճնշել՝ Վարդանյանն արձագանքեց՝ որ «կոտրելու» խոսակցությունները տեղին չեն. «Յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխանի այդ հարցին,թե ինչպես է դա ընկալում,եթե կարողանում են այնպես ներազդել, որ դատավորը չգա ընդհանուր ժողովին, ապա այդպիսի դատավորը լուրջ խնդիրներ ունի»: Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի հայտարարություններին՝ «40 դատավորներ»-ի վերաբերյալ, Վարդանյանը նշեց, որ ցանկը ծանոթ չէ՝ ովքեր են ընդգրկված, կամ ինչ կոռուպցիա է՝ քաղաքական, թե տնտեսական։
«Պարոն Ազարյանը համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել, ԲԴԽ-ի ուշադրությունն էր հրավիրել այդ հանգամանքի վրա, որ ցանկացած հանրային ծառայող, այդ թվում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են դրսևորել վարքագծի որոշակի կանոններ՝ պահպանելով այդ կանոնները: Արձագանքը որոշակիորեն կար, բայց ինձ որպես դատավորի, չէր բավարարում»,-ասաց Արշակ Վարդանյանը: Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով,որը սակայն, չի կայացել. քվորում չի եղել, ներկա էր 89 դատավոր:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։ Նշենք, որ օրեր շարունակ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Գագիկ Ջհանգիրյանը լծակներ է գործադրում՝ ժողովին քվորում չապահովելու և նիստը տապալելու համար։ Ըստ էության նիստը տապալել հաջողվել է, քանի որ Դատավորների ժողովին են ներկայացել միայն 89 դատավոր, անգամ՝ ստորագրած 93 դատավորից եղել են դատավորներ, որոնք չեն ներկայացել նիստին։