«Խնդրում ենք հարգել մեր վիշտը և անձնական կյանքի իրավունքը». Ալեքսանդր Գրադսկու երեխաները դիմել են ԶԼՄ-ներին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկու ընտանիքը լրատվամիջոցներին խնդրում է հարգել իրենց վիշտն ու անձնական կյանքի իրավունքը: Դանիել և Մարիա Գրադսկիների երեխաների համապատասխան հայտարարությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը։
«Այս դժվարին պահին բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք հարգել մեր վիշտը և անձնական կյանքի իրավունքը»,- ասել են հանգուցյալի ժառանգները։
«Բոլորի համար նա երաժիշտ էր, վիրտուոզ երգիչ, կոմպոզիտոր, ժողովրդական և վաստակավոր արտիստ, արտասովոր անհատականություն, երբեք չհուսահատվող անձնավորություն, երիտասարդ արտիստների դաստիարակ։ Մեզ համար նա ամենամոտ ու սիրելի մարդն էր, որին մենք սիրում ենք անսահման, և որի կորուստը մեզ համար հնարավոր չէ լրացնել»,- ասված է ընտանիքի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 72 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին։ Արտիստը մահացել է ժամը 02:10-ին։
Գրադսկու մահվան պատճառը ուղեղի ինֆարկտն է:
Ալեքսանդր Գրադսկին 1997 թվականին ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ երկու տարի անց դարձել ՌԴ ժողովրդական արտիստ։ Վերջին տարիներին կոմպոզիտորը եղել է «Ձայնը» հեռուստաշոուի մենթոր: