Փանջշիր նահանգի վերահսկողությունն անցել է «Թալիբան»-ին. լրատվամիջոցներ
Աֆղանստանի Փանջշիր նահանգի վերահսկողությունն ուրբաթ անցել է «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ թուրքական Yeni Şafak թերթի` Քաբուլում թղթակցին հղումով:
Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ նշված նահանգում, որը գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա, տեղի են ունեցել կատաղի ռազմական գործողություններ:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը թալիբներին և Փանջշիր նահանգում դիմադրության ուժերին կոչ է արել հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով: Փանջշիրը թալիբների վերահսկողությունից դուրս միակ նահանգն էր, որը գտնվում է Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող բարձրադիր վայրերում:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ թալիբները մտադիր են 12 անձից կազմված խորհուրդ ստեղծել՝ երկիրը կառավարելու համար: