Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծանր է. նրա խափանման միջոց կալանքն անհապաղ պետք է վերացվի. Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծանր է, բավականին անհանգստացնող վիճակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ Չարչյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցելուց հետո: Նա նշեց նաև, թե ՔԿՀ ղեկավար կազմի վերաբերյալ որևէ մտահոգություն չունեն, քանի որ նրանք իրենց պարտականությունները պատշաճ կատարում են:
«Չարչյանը մեծ աստիճանի ինսուլին է ստանում: Եթե շաքարային դիաբետ ունեցողները նորմայում 50-60 միավոր ինսուլին են ստանում, նա 90-ից ավելի է ստանում, սա շատ անհանգստացնող թիվ է: Չարչյանը, իր բնավորության համաձայն, չի պնդում, որ մասնավոր բժշկական հիմնարկ տեղափոխվի, բայց, մյուս կողմից, դա պետության պոզիտիվ պարտավորությունն է: Այս իրավիճակի միակ լուծումը կալանքի անհապաղ վերացումն է»,-ասաց Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից Չարչյանի նկատմամբ մեծ հարգանք կա, բայց նրա առողջությունը դրանով չի վերականգնվելու:
«Պատահական չէ, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ կան իրավիճակներ, երբ կալանքը անհամատեղելի է առողջական վիճակի հետ, և այդ դեպքերից մեկը Արմեն Չարչյանին է: Հույս ունեմ, որ նրա խափանման միջոցն անհապաղ կվերացվի: Հիմքեր չկան, ավելին՝ վկաները բարենպաստ ցուցմունքներ են ներկայացրել դեպքի վերաբերյալ»,-ասաց Վարդևանյանը:
Հիվանդանոցից ՔԿ տեղափոխումը, պատգամավորի տեղեկացմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ «Նորք Մարաշ» սրտաբանական մասնագիտացված ԲԿ-ում նրա սրտի վիճակը կայունացվել է, սակայն շաքարային դիաբետին առնչվող խնդիրները չեն կարգավորվել:
Ըստ Վարդևանյանի՝ Դատախազության առաքելությունն անգործությունն է. «Դատախազությունը տոտալ անգործության մեջ մնում է, մինչև, բժիշկների գնահատմամբ, անձի առողջական վիճակը դառնում է այնպիսին, որ կյանքին հաշված օրեր են մնում»,-ասաց նա:
Վարդևանյանը հայտնեց, որ խմբակցության անդամները հանդիպել են նաև «Հայաստան» խմբակցության կալանավորված մյուս երկու պատգամավորների՝ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի հետ: