Տրանսֆերային անցուդարձ․ 170 մլն՝ Մբապեի համար, Ռոմայի թանկարժեք տրանսֆերը, Արսենալը լուրջ համալրումներ ունի
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ։ Ֆուտբոլիստը «զինագործների» կազմում հանդես կգա 8 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» 22-ամյա ֆուտբոլիստի համար մոտ 35 մլն եվրո կվճարի։ Հիշեցնենք՝ Էդեգորը 2015 թվականին է դարձել «Ռեալի» ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձակալությամբ անցկացրել է հենց «Արսենալում»։
Սակայն դա «զինագործների» միակ ձեռբերումը չէր այս շաբաթվա ընթացքում։ «Արսենալն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլի հետ պայմանագիր կնքելու մասին: 23-ամյա դարպասապահի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, սակայն տրանսֆերի արժեքը չի հայտարարվում: Անգլիացին նոր թիմում կխաղա 32 համարի մարզաշապիկով: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում Ռամսդեյլը բաց է թողել 63 գնդակ՝ անցկացնելով 5 չոր հանդիպում:
Հարձակվող Թեմի Աբրահամը «Չելսիից» տեղափոխվել է «Ռոմա»: 23-ամյա անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Տրանսֆերը կարժենա իտալական ակումբին 40 միլիոն եվրո: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն 2023 թվականից լոնդոնյան թիմը իրավունք կունենա հետ գնել Աբրահամին 80 միլիոն եվրոյով: Նախորդ մրցաշրջանում Աբրահամը «Չելսիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ:
Թուրինի «Յուվենտուսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է «Սասուոլոյի» արդեն նախկին կիսապաշտպան Մանուել Լոկատելիի հետ պայմանագիր կնքելու մասին: Կողմերը համաձայնեցրել են 2 տարվա վարձավճարով պայմանագիր՝ հետագայում թուրինյան ակումբի կողմից 35 մլն եվրոյով գնման իրավունքով: Լոկատելին նոր թիմում կխաղա 27 համարի մարզաշապիկով: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, մեկ տարի անց Լոկատելին մինչև 2026 թ. պայմանագիր կկնքի «Յուվեի» հետ:
«Բրենտֆորդը» և «Ուեսկան» համաձայնության են եկել դարպասապահ Ալվարո Ֆերնանդեսի վարձակալության հարցում, հայտնում է Պրեմիեր լիգայի նորեկի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, որից հետո «Բրենտֆորդը» կստանա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք: 23-ամյա դարպասապահն Իսպանիայի հավաքականում անցկացրել է 1 հանդիպում և Իսպանիայի ընտրանու հետ մասնակցել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Վուլվզի իսպանացի հարձակվող Ռաֆա Միրը տեղափոխվել է «Սևիլյա»: 24-ամյա հարձակվողը կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ նոր ակումբում կխաղա 12 համարի ներքո: Տրանսֆերի արժեքը կազմել է 16 մլն եվրո: Նախորդ մրցաշրջանում Միրը վարձավճարով անցկացրեց «Ուեսկայի» կազմում՝ անցկացրած 38 խաղում դառնալով 13 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Օրերս «Լիոնը» հայտարարեց «Չելսիի» պաշտպան Էմերսոնի վարձակալության մասին: Վարձակալության պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: 27-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան թիմում էր 2018-ից:
Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութը» ներկայացրել է թիմի նորեկ Գարի Կեհիլին, որը թիմին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: 35-ամյա պաշտպանը նոր թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Փորձառու պաշտպանը նախկինում խաղացել է «Ասթոն Աիլլայի», «Բոլթոնի» ու «Չելսիի» կազմում:
Իսկ ահա «Բորնմութի» կիսապաշտպան Առնո Ջանջումա Գրունվելդը «Վիլյառեալ» է տեղափոխվել՝ 23,5 մլն եվրոյի դիմաց: «Դեղին սուզանավի» պաշտոնական կայքը այս շաբաթ հայտարարեց նիգերիական արմատներով 24-ամյա նիդերլանդացու տրանսֆերի մասին, ով երկարաժամկետ պայմանագիր էր կնքել ակումբի հետ մինչև 2026 թվականի ամառ: Պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվում: Նշենք, որ Առնոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Լիվերպուլը»:
«Էսպանյոլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Ալեշ Վիդալի՝ կատալոնական թիմ տեղափոխվելու մասին: 31-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը: Վիդալը «Էսպանյոլին» միացավ ազատ գործակալի կարգավիճակով: Մինչ այդ նա խաղացել է «Սևիլիայում» 2018 թվականի օգոստոսից 2021 հուլիս ընկած ժամանակահատվածում, որտեղ տեղափոխվել էր «Բարսելոնայից»:
Թուրինի «Յուվենտուսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» 19-ամյա հարձակվող Կայո Ժորժեի հետ: Համաձայնագիրը ստորագրված է մինչև 2026 թ-ի հունիսի 30-ը: 2021 թ-ին անցկացրած 10 խաղում Կայոն դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Նապոլիի» մամուլի քարտուղարությունը հայտարարել է «Ինտերի» և «Ռոմայի» նախկին պաշտպան Ժուանի տեղափոխության մասին: Բրազիլացին նեապոլիտանական ակումբին միացավ ազատ գործակալի կարգավիճակով: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մեկ տարով (ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ):
Կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պայմանագիր է կնքել ՖԱԼ-ի ներկայացուցիչ «Վոլգարի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նախորդ մրցաշրջանում Սիմոնյանը ևս խաղում էր ՖԱԼ-ում՝ «Տոմում», որի կազմում նա դարձել էր 4 գոլի հեղինակ 16 խաղում։ Արտյոմը ֆուտբոլային կրթություն է ստացել «Սմենայի» և «Զենիթ» ակադեմիայում, հանդես է եկել Ռուսաստանի գործող չեմպիոնների երիտասարդական թիմում:
Մադրիդի «Ռեալը» մտադիր է իրականացնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը, հայտնում է AS-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդիցիները վերջնական առաջարկ կանեն ՊՍԺ-ին։ Նրանք փարիզյան ակումբի ղեկավարությանը 170 մլն եվրո կառաջարկեն ֆրանսիացի հարձակվողի համար։«Ռեալը» գործարքը մտադիր է իրականացնել հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում։ Եթե ամեն ինչ ստացվի ըստ պլանավորածի, ապա Մբապեն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կտեղափոխվի մադրիդյան ակումբ։
Իր հերթին Խոսե Լուիս Պիզարոն հայտնում է, որ Քաթարի էմիրը, ով փարիզեցիների սեփականատերն է, թույլատրել է վաճառել Մբապեին, սակայն «սերուցքայիններից» խնդրել է չափազանց մեծ առաջարկ։ Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը Մադրիդի «Ռեալից» պահանջել է 150 միլիոն եվրո, ինչպես նաև երկու ֆուտբոլիստ (Կազեմիրո և Մենդի): Արքայական ակումբին չեն բավարարում նման պայմանները, քանի որ նրանք մտադիր չեն բաժանվել իրենց խաղացողներից:
MLS-ի «Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է, որ արգենտինացին թիմում հանդես գա կարիերան ավարտելուց առաջ: Նշվում է, որ Բեքհեմն արդեն բանակցություններ է վարել Լիոնելի հետ: Հարձակվողը կարող է «Ինտեր» տեղափոխվել 2023 թվականին, երբ ավարտվի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Եվ վերջում, մի փոքր անսպասելի տրանսֆերային շշուկ։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է ուժերը փորձել եվրոպական մեկ այլ բարձրակարգ ակումբում, հայտնում է Sky Sports-ը: Աղբյուրի համաձայն, լեհ հարձակվողը, ով օգոստոսի 21-ին կդառնա 33 տարեկան, երջանիկ է «Բավարիայում», սակայն նա ակնկալում է փոխել ակումբը մինչև 35 տարեկանը, քանի որ ցանկանում է նոր էջ բացել կարիերայում: «Բավարիան» չի պատրաստվում բաժանվել իր լավագույն ռմբարկուից և նրա համար տրանսֆերային արժեք է սահմանել, որը գերազանցում է 100 միլիոն ֆունտը (117 միլիոն եվրո): Լևանդովսկու պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին: