«Ինձ մի՛ դատեք, եթե չգիտեք բոլոր մանրամասները». Աֆղանստանի նախագահը երկրից փախնելուց ի վեր առաջին անգամ դիմել է ազգին
Թալիբների առաջխաղացման ֆոնին Աֆղանստանից փախուստի դիմած նախագահ Աշրաֆ Ղանին սոցցանցերում ժողովրդին ուղղված ուղերձ է հրապարակել, գրում է Al Arabiya-ն:
Նրա խոսքով՝ «այն մարդիկ, որոնք կարծում են, որ ինքը փախչել է, չպետք է իրեն դատեն, եթե չգիտեն կատարվածի բոլոր մանրամասները»:
Նա այդ մասին ասել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:
Հիշեցնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Էմիրություններն իր տարածքում ընդունել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և նրա ընտանիքին, որոնք թալիբների կողմից երկրի գրավման ֆոնին լքել են Աֆղանստանը, գրում է ng.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել: Այս մասին հայտնել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ:
Վերջինս Ղանիի փախուստն անվանել է «պետության և ժողովրդի դավաճանություն» և հայտարարել է, որ նա 169 մլն դոլար է գողացել պետական գանձարանից:
Միևնույն ժամանակ դեսպանը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհին է ճանաչում որպես երկրի ղեկավար:
«Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը պետք է կատարի նրա պարտականությունները, այդ իսկ պատճառով Ամուրլա Սալեհն է հիմա երկրի ղեկավարը»,- ասել է դեսպանը:
Վերջինս հավելել է, որ դիմելու է Ինտերպոլին՝ Ղանիին ձերբակալելու պահանջով, որպեսզի նրան միջազգային դատարան բերեն:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ փոխնախագահ Սալեհը մնացել է երկրում և ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները՝ սահմանադրության համաձայն: Հաղորդվում է, որ Սալեհի ուժերը թալիբներից հետ են նվաճել Քաբուլից հյուսիս գտնվող Չարիքար շրջանը: