Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը հույս ունի դառնալ ԵՄ լիիրավ անդամ
Վրաստանը հույս ունի դառնալու Եվրամիության լիիրավ անդամ՝ անկախ մարտահրավերներից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին չորեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ հարևանության և ընդլայման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ցանկանում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ մեր երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ մոտ 80 տոկոսը, կողմ է Վրաստանի եվրաինտեգրմանը: Մեր ղեկավարության որոշմամբ տարիներ առաջ փոփոխություններ են ընդունվել սահմանադրությունում, և այն ժամանակ մենք կողմնորոշվել ենք մեր արտաքին քաղաքականության ուղղության հարցում: Բոլորը հանգել են միասնական կարծիքի, որ դա եվրաատլանտյան ուղղությունն է:
Այս գործընթացում մենք լավ ենք հասկանում, որ երկիրը, որը դեռևս երիտասարդ ժողովրդավարություն է, կանգնած է մշտական մարտահրավերների առաջ, սակայն դա մեզ չի վախեցնում, քանի որ հավատում ենք, որ հաջողությամբ կանցնենք այս ուղին և կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Ղարիբաշվիլին: