Գիտնականները բացահայտել են Խաղաղ օվկիանոսում առաջացած «մահվան գոտիների» հետ կապված առեղծվածը
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրության են ենթարկել Բերինգի ծովի հատակին 1,2 մլն տարվա ընթացքում կուտակված նստվածքը և բացահայտել կապը կլիմայի տաքացման և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում թթվածնի մակարդակի նվազմամբ պայմանավորված «մահվան գոտիների» առաջացման միջև: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Science Advances գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:
«Մեզ համար կարևոր էր հասկանալ, թե որքանով է կլիմայի փոփոխությունն ազդում անթթվածին «մեռյալ գոտիների» ձևավորման վրա, որոնք կործանում են էկոհամակարգը և ոչնչացնում են սննդի աղբյուրները ծովում բնակվող արարածների համար»,- նշել է աշխատության համահեղինակ Կարլ Քնուդսոնը:
Նշվում է, որ հետազոտողների խումբը վկայություն է գտել «մեռյալ գոտիների» ձևավորման վերաբերյալ ծովի հատակից վերցված նստվածքների շերտերի ուսումնասիրման շնորհիվ:
Ժամանակի ընթացքում նստվածքային ապարները կուտակվում են ծովի հատակին: Այդ գոյացություններում ապրող օրգանիզմները խախտում են դրանց կառուցվածքը, սակայն անթթվածին գոտիներում կառուցվածքը պահպանվում է, քանի որ բոլոր օրգանիզմները մահանում են:
Գիտական աշխատանքում նշվում է, որ նման գոտիների առաջացման համար սառցադաշտերի հալոցքը պարտադիր պայման չէ, բավական է ջերմ միջսառցադաշտային ժամանակահատվածը, որում մենք հիմա բնակվում ենք: