Ես կամավոր, 59 տարեկանում մեկնել եմ Արցախ՝ ու աջակցել եմ, լիարժեք կառավարում իրականացնողը միայն ռազմական գործող գործիչներն էին. Սեյրան Օհանյանը` Շուշիի հարցում իրեն մեղավոր զգալու մասին (տեսանյութ)
Ես չեմ տենում, որ այս իշխանությունները կարող են վերարտադրվել, ֆիքսենք մեկ հանգամանք, մենք երեսուն տարիների կերտման ընթացքում, մեր մարտական, ծառայակից ընկերների, ՀՀ երկրորդ նախագահի հետ բազմաթիվ արժեքներ ենք ձեռք բերել, դրանք սկսվել են 33 տարի առաջ այս նույն հարթակից՝ Արցախի համար շարժումից, մենք ձեռք բերեցինք անկախություն, Արցախի ազատություն, միասնականության ապահովում, տնտեսական զարգացում:
Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«30 տարիների ընթացքում իշխանությունները ունեցել են նաև թերություններ, այս իշխանությունները բոլոր արժեքները հավասարեցին գետնին, իսկ թերությունները բամզապատկեցին մանրհոգի, մանրախնդիր, անփորձ լինելու պատճառով, երկիրը պետք է ղեկավարի փորձառու, մեծահոգի, ճանապարհ անցած մարդ: Հիմա այս դաշինքը փորձառու անձանց հետ գալիս է հին մեր արժեքները վերականգնելու, և իրենց հին թերությունները նվազեցնելու, զրոյի հավասարացնելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Tert.am-ի հարցին, թե ի՞նչ ճանապարհով է հնարավոր հետ բերել Շուշին ու Հադրութը, Օհանյանն ասաց. «Ցանկացած գործողություն իրականացնելու համար պետք է ռեալ, սթափ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ պարտվածը չի հասկանում, որ անընդհատ երկիրը տանելու է պարտությունների:
Հարցին, թե իրեն մեղավոր է համարում, որ մայիսի 9-ը այս տարի նշվում է առանց Շուշիի, նա ասաց, որ չորս տարուց ավելի է Պաշտպանության նախարար չէ. «Ես, ինչպես շատերը, կամավոր, 59 տարեկան հասակում մեկնել եմ Արցախ, ինչով կարողացել եմ, աջակցել եմ նախագահին, լիարժեք կառավարում իրականացնողը միայն ռազմական գործող գործիչներն էին: Ես այն մարդկանից չեմ, որ խուսափեմ պատասխանատվությունից, բայց ես այնտեղ որևէ մի հնարավորություն չեմ ունեցել բացի խորհուրդ տալուց, ինչ ասել է Արծրուն Հովհաննիսյանը, հավանաբար այն ասել է ժողովրդին ոգևորելու համար, բայց նա պատերազմի ժամանակ շատ բաներ է ասել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: