Կովկասում Թուրքիայի ապակառուցողական գործողությունները համահունչ չեն ԱՄՆ շահերին. այս ամենը հանգեցրեց Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. քաղաքագետ (տեսանյութ)
Պետք է արձանագրենք՝ ցեղասպանության ճանաչումը վերջին մի քանի տասնամյակների պայքարի արդյունքն է, որը պսակվեց հաջողությամբ: Թիվ մեկ գերտերության կողմից ցեղասպանության ճանաչումը կարևոր մեսիջ է մյուս երկրներին, և կարող է խթանել միջազգային ճանաչման գործընթացը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական և աշխարհաքաղաքական պատճառներ: Ըստ նրա՝ քաղաքական պատճառներից մեկն այն էր, որ ի տարբերություն նախորդ նախագահների, իրավիճակը փաստացի այլ է, և պայմանավորված էր նաև Սենատի ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ, ինչպես նաև Ջո Բայդենի՝ դեռևս 1989-ից Ցեղասպանության հետ կապված տարաբնույթ նախաձեռնություններում ներգրավված լինելու և նախընտրական խոստման հետ:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական գործոններին, քաղաքագետի կարծիքով, այն, նախ և առաջ, կապված է Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների լարվածությամբ և Թուրքիա-Ռուսաստան համագործակցությամբ՝ ռազմական ոլորտում.
«Պակաս կարևոր չէ Թուրքիայում ավտորիտարիզմի ամրապնդման միտումները, ինչին մենք ականատես ենք լինում հատկապես վերջին տարիներին: Բնականաբար այն ԱՄՆ-ի համար անընդունելի է: Տարածաշրջանային այլ խնդիրներում ևս Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը բախվում են. Սիրիայում քրդերին աջակցության ցուցաբերման տեսանկյունից, Արևելյան Միջերկրածովում ճգնաժամի խորացման ֆոնին ականատես եղանք Անկարա-Վաշինգտոն հարաբերութունների լարման»,- ասաց քաղաքագետը ր հավելեց, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակառուցողական գործողությունները համահունչ չեն ԱՄՆ շահերին և այս գործոնների ողջ համախումբն ի վերջո հանգեցրեց ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:
Հարցին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարո՞ղ է զսպող դերակատարում ունենալ Թուրքիայի համար, քաղաքագետն ասաց՝ որոշակի զսպող և կայունացնող ազդեցություն կարող է ունենալ, քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակառուցողական գործունեությունը և Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումն ինչ-որ առումով պատասխան էր Թուրքիային.
«Հատկանշական է այն հանգամանքը, որ ճանաչումից 1.5 ժամ չանցած Էրդողանը զանգահարեց Ալիևին, քննարկել էին, թե ինչ համատեղ քայլեր կարող են ձեռնարկել՝ ի պատասխան Ցեղասպանության ճանաչմանը: Դա ինչ-որ առումով մտահոգիչ է, գաղտնիք չէ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ունեն ապակառուցողական բավական մեծ ներուժ և տարբեր առիթներով կարող են դիմել որոշակի սադրանքների՝ այդ կերպ փորձելով անուղղակիորեն պատասխանել ԱՄՆ-ին և Հայաստանին»:
Հարցին՝ Հայաստանը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այս ուղղությամբ, Մինասյանն ասաց, որ ԱՄՆ-ի հայկական համայնքը պետք է փորձի ձևակերպել իր հետագա օրակարգը, որում կարող է տեղ գտնել օրենքի մակարդակով Ցեղասպանության ճանաչումը, այսինքն՝ Կոնգրեսի երկու պալատների կողմից բանաձևի ընդունումը, որը կստորագրվի նախագահի կողմից: Նրա կարծիքով՝ կարող է հարց բարձրացվել նաև Ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ, կարող է լինել նաև ամերիկյան դասագրքերում Ցեղասպանության թեման ներառելու հարցը:
«Հայկական կողմը խնդիր ունի օգտագործել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը՝ ճանաչման միջազգային գործընթացին խթանելու, այլ երկրների մոտիվացիան բարձրացնելու համար, ինչը բավական կարևոր է: Միևնույն ժամանակ, ճանաչումը պետք է օգտագործվի Ցեղասպանության նկատմամբ ընդհանուր միջազգային տրամադրվածությունը փոխելու համար, ինչու՝ չէ, նաև միջազգային տարբեր դատական ատյաններում տարաբնույթ գործընթացներ նախաձեռնելու համար»,- ասաց Մինասյանը:
Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն, Մինասյանն ասաց՝ քանի դեռ Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն է դրսևորվում, աբսուրդային է, որ հայկական կողմը այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի:
«Պետք է հստակ տարանջատվի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հաշտեցման գործընթացից: Հաշտեցման գործընթացը բավականին բարդ գործընթաց է, որտեղ ներգրավվող դերակատարները պետք է տարբեր լինեն, ինչ վերաբերում է ուղղակի դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացման հարցերի քննարկմանը, ապա այն չպետք է որևէ ձևով պայմանավորել որևէ տիպի նախապայմանով: Պետք է մշտապես առանձին դիտարկել հաշտեցման գործընթացի տարրերից, որոնցից է նաև նույն Ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասաց Մինասյանը: