Հակամարտության հետցնցումները շարունակում են զգացվել Հայաստանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների. Washington Post
Չնայած ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի կոչին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ավելի քան 4 տասնյակ հայ ռազմագերիներին: Այս մասին գրում է Washington Post-ը՝ նկատելով, որ նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Կովկասի տարածաշրջանում ձեռք բերված հրադադարից հետո «հակամարտության հետցնցումները շարունակում են զգացվել հատկապես Հայաստանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ում կառավարությունը ռազմական պարտություն է կրել, պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների»:
«ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ 52 հայ դեռևս գերության մեջ է մնում Ադրբեջանում՝ չնայած ավելի վաղ տեղի ունեած փոխանակումներին: Բաքվում կառավարությունը պնդում է, որ այնտեղ պահվող անձինք ռազմագերիներ չեն, այլ տարածքը փորձել են հատել նոյեմբերի վերջին, երբ հրադադար էր կնքվել»,- գրում է պարբերականի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը՝ հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիքերը փետրվարին ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է ռազմագերիների հարցը:
Ըստ հեղինակի՝ Ռիքերը խնդրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հնարավորություն ընձեռվի այցելել բանտարկյալներին, ինչից հետո ԿԽՄԿ-ին նման հնարավորություն է ընձեռվել:
ԱՄՆ պաշտոնյաները շարունակում են ջանքեր գործադրել Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք, որ ավելի շատ կալանավորներ ազատ արձակվեն: Մենք չենք բանակցում, այլ հորդորում ենք նրանց բարի կամք դրսևորել»,- աղբյուրը մեջբերում է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին:
Հեղինակը նկատում է, որ վերլուծաբաններից շատերը հույս ունեին, որ Ադրբեջանը կարող է մարտի 20-ին նշվող Նովրուզի առթիվ բարի կամք դրսևորել և ազատ արձակել հայ գերիներին: Նրա տվյալներով՝ Ալիևը 148 կալանավորների է համաներում շնորհել տոնի առթիվ:
Հոդվածագիրը, հիշատակելով ռազմագերիների հարցում առաջընթաց գրանցելու ուղղությամբ ԱՄՆ կոնգրեսականների գործադրած ջանքերը, նշում է, որ Կոնգրեսը շարունակում է ճնշել Ադրբեջանին:
«Ռազմագերիների հարցը հավելյալ հուզական նշանակություն է ստանում ապրիլին, երբ հայերը ոգեկոչում են 1915 թվականին տեղի ունեցած զանգվածային կոտորածների զոհերի հիշատակը»,- գրում է Իգնատիուսը՝ մեջբերելով հայտնի քաղաքագետ Իեն Բրեմմերի գրառումը, որի համաձայն՝ «Էրդողանը կբարկանա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի վարչակազմի քայլով»:
Հեղինակը նշում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաներից մեկը երկուշաբթի հայտարարել է. «Որպես նախագահի թեկնածու, նախագահ Բայդենը ոգեկոչել է 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, որոնք իրենց կյանքը կորցրել են Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այնուհետև նա հայտնել է, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք այս սարսափելի արշավի հարցում: Մենք միշտ կհարգենք հայ ժողովրդի հաստատակամությունն այսպիսի մեծ ողբերգության ֆոնին»:
«Վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ հայտնել է, որ կոտորածների հարցով նախագահի պաշտոնական ճանաչման մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել»,- եզրափակում է հոդվածագիրը: