Վրաստանում 4 անգամ ավելի կորոնաթեսթ է արվել, քան ՀՀ–ում, եթե մենք ևս այդքան թեսթ անեինք, ապա 1 մլն բնակչության հաշվարկով՝ վարակվածների թվով աշխարհում կլինեինք առաջին հորիզոնականում. մասնագետ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ Հայաստանը մեծ ընտրության հնարավորություն չուներ, քանի որ պատվաստանյութը ձեռք ենք բերել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակում, որին Հայաստանն արդեն իսկ վճարել է 890 մլն դրամ։ Այս դեպքում Հայաստանը չէր կարող ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութ, քանի որ նախաձեռնության շրջանակում համագործակցություն չկա այս ընկերության հետ։
Անդրադառնալով Հայաստանի կողմից անգլո–շվեդական արտադրության «AstraZeneca» պատվաստանյութի 24.000 դեղաչափ ձեռք բերելու լուրին՝ Tert.am–ի հետ զրույցում ասաց Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ–վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը։
««Sputnik V» պատվաստանյութն ունի 93 տոկոս արդյունավետություն, իսկ «AstraZeneca»–ն՝ 76։ Ճիշտ է՝ երկու պատվաստանյութերն էլ ծանր կլինիկական ընթացքից և մահացությունից պաշտպանում են 100 տոկոսով, այսինքն՝ նույնիսկ «AstraZeneca»–ով պատվաստված հիվանդն ամենայն հավանականությամբ չի հիվանդանա, բայց վարակվելու հավանականության տեսանկյունից «Sputnik V»–ն ավելի արդյունավետ է»,–նշեց Ս. Սողոմոնյանը։
Վերջինս ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա, որ «Sputnik V»–ն ստեղծված է մարդու ադենովիրուսի հիմքի վրա, իսկ «AstraZeneca»–ն՝ շիմպանզե կապիկի ադենովիրուսի հիմքի վրա. «Գուցե սրանով է պայմանավորված «AstraZeneca»–ի նվազ արդյունավետությունը, սակայն այս հանգամանքը ինձ համար մտահոգությունների առիթ է»։
Հարցին, թե ըստ շրջանառվող խոսակցությունների ուժի ազդեցության որոշակի կենտրոնները թույլ չեն տալիս մեր երկրին ձեռք բերել ռուսական արտադրության «Sputnik V» պատվաստանյութը, Սամվել Սողոմոնյանը պատասխանեց՝ դեղորայքային շուկան և հատկապես պատվաստանյութերի արտադրությունը գեոպոլիտիկ մեծ խաղերի մի մաս են և դրա մեջ քաղաքական բաղադրիչ կա.
«Ես կարծում եմ, որ այն պահին, երբ Հայաստանի Հանրապետությունը որոշեց ոչ թե ուղղակիորեն բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, այլ գումարը փոխանցել «COVAX FACILITY» նախաձեռնությանը, այդ պահից մենք զրկվեցինք պատվաստանյութի ընտրության հնարավորությունից»։
Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարին.
«Առողջապահության նախարարությունը նշում է, որ Հայաստանը մեկ միլիոն բնակչության հաշվարկով վարակվածների թվի առումով այնքան էլ վատ հորիզոնականում չի, նշեմ, որ Հայաստանը երկրների սանդղակում այդ ցուցանիշով գտնվում է 33-րդ տեղում, թվում է՝ վատ ցուցանիշ չէ, սակայն պետք է ուշադրություն դարձնել կատարված թեսթերի քանակին։ Այդ ցուցանիշով մենք 91-րդ տեղում ենք։ Օրինակ՝ մեր հարևան Վրաստանը մեզնից 4 անգամ ավելի թեսթ է արել, եթե մենք անեինք այդչափ թեսթ, որքան Վրաստանն է արել, Հայաստանում 64 հազարի փոխարեն կլիներ մոտ 189 հազար վարակման դեպք ու այդ քանակի դեպքում վարակվածների թվով մենք կլինեինք աշխարհում առաջի հորիզոնականում»։
Մանրամասները՝ տեսանյութում։