Կառավարությունը գիտակցված ոտնահարում է մարդու իրավունքները և լծված է իրավունքներն իրապես պաշտպանող կառույցի անկախության խաթարմանը․ Վ․ Այվազյանը՝ ՄԻՊ ֆինանսավորման կրճատման նախագծի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների իրական պաշտպանություն, իսկ ՀՀ կառավարությունը գիտակցված կերպով իրականացնում է մարդու իրավունքների ոտնահարում։ Մարդու իրավունքների ոտնահարմանը լծված կառույցը, բնականաբար, պետք է ամեն ինչ անի՝ իր հակառակորդին «շարքից հանելու» համար։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման՝ Կառավարության նախաձեռնությանը, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։
«Պետական համակարգում այսօր գործող մարմինները ՄԻՊ-ն ու դատական համակարգի մի մասն են, որ հստակ և անվերապահորեն իրականացնում են իրենց գործառույթներն ու իրենց առջև դրված խնդիրները։ Աղաղակող փաստ է, որ ամեն րոպե մենք հանդիպում ենք իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների։ Դրանց առաջինն արագ արձագանքող կառույցը ՄԻՊ գրասենյակն է, որն օպերատիվ արձագանքում է՝ փորձելով պաշտպանել քաղաքացիների իրավունքները»,-ասաց նա։
Այվազյանի դիտարկմամբ՝ ՄԻՊ-ի ֆինանավորման կրճատումն առաջին հերթին միտված է խաթարել տվյալ կառույցի անկախությունը։
Անդրադառնալով ՄԻՊ-ի շահագործմանը հանձնված երեք ավտոմեքենաները վերցնելուն՝ Այվազյանն ասաց, թե դրա նպատակն էլ այն է, որ թուլացնեն Պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման հնարավորությունը։
Այվազյանն ընդգծեց, որ ՄԻՊ-ի հեղինակությունը մեծ է նաև ՀՀ տարածքից դուրս՝ միջազգային հանրության շրջանում․ «Այսօր ՄԻՊ-ին կարելի է համարել Կառավարության թիվ մեկ սարսափը։ Իշխանությունները շատ լավ գիտեն, որ իրենց կողմից կատարված ցանկացած ապօրինության ՄԻՊ-ն արձագանքում է և կարող է դա հասցնել ընդհուպ մինչև միջազգային հեղինակավոր ատյաններ»,-ասաց նա։
Հարցին՝ քանի որ ՄԻՊ-ը հայտարարել է, որ որոշման ընդունման դեպքում դրա սահմանադրականությունը վիճարկելու է ՍԴ-ում, հնարավո՞ր է՝ Կառավարությունն այդ որոշումը չընդունի, սահմանադրագետն արձագանքեց․
«Մեր կառավարությունն իր երեք տարվա գործունեությամբ ցույց է տալիս, որ լծված է պետականաքանդման և մարդու իրավուքների ոտնահարման առաքելությանը։ Չեմ կարծում՝ հետ կկանգնի իր դավադիր ծրագրից, ընդհանրապես, կառավարությունից որևէ լավ բան չեմ ակնկալում»։