Չեխիայի կենդանաբանական այգիների շիմպանզեներն սկսել են «շփվել» Zoom-ի միջոցով (լուսանկար)
Չեխիայի Բռնո և Դվուր Կրալովե նադ Լաբեմ քաղաքների կենդանաբանական այգիների աշխատակիցները շիմպանզեների վանդակներում Zoom հավելվածի ծրագրերն են միացրել, որպեսզի կենդանիները կարողանան տեսնել միմյանց: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
«Սկզբում շիմպանզեները պաշտպանական կամ սպառնալից ժեստերով էկրանին էին մոտենում, երբ տեսնում էին իրենց հարազատներին»,- ասել է կենդանաբանական այգիներից մեկի աշխատակից Գաբրիելա Լինգարտովան:
Վանդակներում տեղադրվել են հսկա էկրաններ, որոնց միջոցով մի կենդանաբանական այգու բնակիչները կարող են դիտել մյուսների կյանքը մեկ այլ կենդանաբանական այգում:
Լինգարտովան նշել է, որ կենդանիները սկսել են իրենց պահել մարզական իրադարձություններ դիտող մարդկանց պես: Շիմպանզեները սովորություն են դարձրել միմյանց դիտելիս իրենց հետ կերակուր վերցնել:
Կինը նաև ավելացրել է, որ եթե լարված իրավիճակ է հասունանում, կապիկները կարող են փոխել հեռարձակումը:
Եթերը ուղիղ հեռարձակվում է կենդանաբանական այգիների կայքերում` տեղական ժամանակով ժամը 08: 00-ից 16:00-ն: Այս փորձը կտևի մինչև մարտի վերջ: Ավելի ուշ որոշում կկայացվի` շարունակել այն, թե ոչ: