Պետդեպարտամենտը չի մեկնաբանում Ռուսաստանից ԱՄՆ դեսպանին հետ կանչելու հնարավորությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանում Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին Մոսկվայից խորհրդակցությունների համար հետ կանչելու հնարավորությունը: Այս մասին Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը:
«Ինչ վերաբերում է մեր կողմից որևէ տեսակի արձագանքին, մենք այդ առնչությամբ մեկնաբանություն չունենք»,- ասել է Փորթերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է Մոսկվա ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վեկտորի վերաբերյալ խորհրդակցությունների համար: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նման քայլն աննախադեպ է որակել:
Դրանից առաջ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի դեմ առևտրային պատժամիջոցների ընդլայնման մասին ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրավիճակի հետ: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանը ավելացնում է այն երկրների ցանկում, որոնց հետ արգելվում է զենքի ներմուծումն ու արտահանումը: Նոր սահմանափակող միջոցներն ուժի մեջ են մտնում մարտի 18-ից: