Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայված վրանային քաղաքը մեծանում է. ցուցարարները նոր ակցիաների են պատրաստվում
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային ազատ արձակելու պահանջով ցույցի մասնակիցները ևս մեկ վրան են տեղակայել երկրի խորհրդարանի շենքի մոտ:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այսօր տեղադրված վրանը 15-րդն է, որը վերջին օրերին հայտնվել է Թբիլիսիի կենտրոնում: Նշվում է, որ օրվա ընթացքում ոչ մեծ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Կոնֆլիկտային իրավիճակն արագ կարգավորվել է, ձերբակալություններ տեղի չեն ունեցել: Ընդդիմության ներկայացուցիչների կողմից վրանի տեղակայումից հետո ոստիկանները հեռացել են տարածքից:
Ցույցի մասնակիցների խոսքով՝ վաղը 12:00-ին նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ: Հաջորդ օրը նրանք մտադիր են ցույցը շարունակել խորհրդարանի մոտ, որտեղ լիագումար նիստ է նախատեսված:
Հիշեցնենք, որ ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն օրեր շարունակ պահանջում են Նիկա Մելիային ազատ արձակել: Վերջինիս ձերբակալել են փետրվարի 23-ին, երբ վերջնականապես հրաժարվել է վճարել իր համար սահմանված 40 000 լարիի գրավը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հունիսին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած խոշորամասշտաբ ցույցի կազմակերպման և անկարգություններ հրահրելու գործով: