Պոմպեոն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը
Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Թուրքիային պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը որպես թանգարանի և այն չվերածել մզկիթի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակում՝ որպես հավատարմության օրինակ կրոնական ավանդույթների և բազմազգ պատմության հանդեպ հարգանքի»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նրա խոսքով՝ դա պետք է անել նաև, որպեսզի «տաճարը հասանելի մնա բոլորի համար»:
«Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը դիտարկում է որպես այդ զարմանահրաշ կառույցի ժառանգության և դրա՝ որպես տարբեր կրոնները կապող օղակ մարդկությանը ծառայելու այնքան անհրաժեշտ և անգերազանցելի ունակության թուլացում»,- հավելել է պետքարտուղարը՝ նշելով, որ այն հազվագյուտ դեր է կատարում ողջ աշխարհում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էր իր օգնականներին ուսումնասիրել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության և այն թանգարանից մզկիթի վերածելու հավանականությունը:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է: Այն կառուցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը: 1985 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: