ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները ծնկի են իջել և 8 րոպե 46 վայրկյան լռությամբ հարգել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակը (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատ գործիչներից շատերը ծնկի են իջել և 8 րոպե 46 վայրկյան լռությամբ հարգել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի և այլ սևամորթ ամերիկացիների հիշատակը, որոնք մահացել են ոստիկանական դաժանության հետևանքով:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հիշեցնելով, որ դեմոկրատները ծնկի են իջել այնքան ժամանակ, որքան նախկին ոստիկան Դերեկ Չաուվինը ծնկով սեղմած պահել է Ֆլոյդի պարանոցը, ինչի հետևանքով վերջինս խեղդամահ է եղել:
Ոգեկոչման արարողությունը տեղի է ունեցել Կապիտոլիումի Emancipation Hall սրահում: Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի դատական համակարգի ներկայացուցիչ Ջերի Նեդլերը ծնկի չէր իջել առողջական վիճակից ելնելով:
«Մենք այստեղ ենք հարգելու ամերիկացի ժողովրդի բողոքի արտահայտումը ոստիկանական դաժանության դեմ: Մենք այստեղ ենք հարգանքի տուրք մատուցելու Ջորջ Ֆլոյդի հիշատակին»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ տղամարդը սպանվել է մայիսի 25-ին: Ոստիկանի կողմից նրա սպանությունից հետո ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ ռասիզմի և ոստիկանական կոպտության: Նախկին ոստիկանին, որն, անտեսելով տղամարդու աղաչանքները, ծնկով շնչահեղձ է արել նրան, ձերբակալել են: