Առողջապահության նախարարի՝ դատավճիռը չկատարելու քայլը չափազանց խնդրահարույց է և ձևավորում է մտահոգիչ նախադեպ. Տիգրան Խաչիկյան (տեսանյութ)
«Հանրաքվեի մասին» փոփոխված օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ԱԺ-ն ուժը կորցրած կարող է ճանաչել բացառապես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և ոչ որևէ այլ հարցով հանրաքվե, վկայում է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:
«Հայաստանը խախտել է գործընկերային համագործակցության սկզբունքը: Օրենսդիր և գործադիր իշխանությունները պիտի զուգակցեն իրենց գործողությունները. չի կարելի մի նախագծի իրավաչափության հարցը պարզելու նպատակով դիմել Վենետիկի հանձնաժողովին, բայց մինչև արձագանք ստանալն օրենսդիր մարմնի ձևաչափով լուծում տալ: Խորհրդարանը, առաջ ընկնելով, ընդունում է օրենքը և խախտում է գործադիրի հետ համաժամանակյա զարգացման սկզբունքը»,- ասել է իրավաբանը:
Ըստ Խաչիկյանի՝ Հայաստանն արդեն իսկ Վենետիկի հանձնաժողովի կարծիքներին հակասող օրինագծեր է ընդունել, օրինակ՝ Դատական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի՝ Արդարադատության նախարարությունը կարող է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել. «Որտեղ պատեհ է, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը տալիս ենք լրջագույն նշանակություն, որտեղ պատեհ չէ՝ հիշում ենք, որ մենք ինքնիշխան պետություն ենք»:
Իրավաբանի կարծիքով՝ ՍԴ գործող դատավորներն ունեն օրինական սպասում, որ Սահմանադրության անցումային դրույթների համաձայն՝ շարունակելու են իրենց պաշտոնավարումը, և որևէ պետական մարմին չի կարող կասեցնել անցումային դրույթների գործողությունը. «Ցանկացած լուծում ընտրելիս պետք է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ այդ լուծումը պետք է ոչ թե բավարարի այս կամ այն անձանց քաղաքական ցանկությունները, այլ համահունչ լինի իրավական կարգավորումներին»:
Տիգրան Խաչիկյանի պնդմամբ՝ չի կարելի քաղաքական հայտարարություններով վաղօրոք կաշկանդել իրավապահ մարմիններին կամ տեղեկացնել այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ գործադիրի վերաբերմունքի մասին. «Որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա անհատականացնել այս կամ այն պաշտոնյային, ասենք, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի համատեքստում: Դատական իշխանությունը պետք է անկախ լինի նախևառաջ վարչապետից»:
Ինչ վերաբերում է առողջապահության նախարարի՝ ամիսներ առաջ արած այն հայտարարությանը, թե նա չի վստահում դատարաններին և չի կատարի դատական ակտը, ըստ Խաչիկյանի՝ չափազանց խնդրահարույց է, ձևավորվում է վատ նախադեպ. «Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը ենթակա է անվերապահ կատարման: Հակառակ դեպքում քաղաքացիները կարող են ներքին համոզմունքով կասկածել դատական ակտերի արդարացիությանը և չկատարել դրանք: Այս դեպքում իրավական պետության հիմնադրույթներն իմաստազրկվում են»:
Դավիթ Սարգսյան