ԱՄՆ Ազգային գվարդիայի ավելի քան 43 000 անդամ է ներգրավվել Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրով մեկ շարունակվող քաղաքացիական անհնազանդության զսպման գործընթացին
ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ավելի քան 43 000 անդամ է ներգրավվել Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրի ողջ տարածքում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ կարգուկանոնի պահպանմանը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին շաբաթ հաղորդվել է Ազգային գվարդիայի թվիթերյան էջում: Նշվում է, որ հատուկ գործողություններին մասնակցող զինվորականների թիվն ավելացել է 1800-ով:
«Ազգային գվարդիայի ավելի քան 43 300 անդամ է միացել 34 նահանգներում և Վաշինգտոնի շրջանում ուժային կառույցների գործուղություններին՝ աջակցելու նրանց քաղաքացիական անհնազանդության դեմ պայքարում, մինչդեռ գվարդիայի ավելի քան 37 000 զինվորներ և բանակայիններ շարունակում են աջակցել «Քովիդ-19»-ի դեմ պայքարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում մոտ 20 000 մարդ դուրս է եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ ռասիզմի՝ «Սևամորթների կյանքը կարևոր է» կարգախոսով:
Նույն կարգախոսի ներքո բազմահազարանոց ցույց է տեղի ունենում նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում, որտեղ ձերբակալության պահին նախկին ոստիկան Դերեկ Չաուվինը ծնկով սեղմած է պահել Ֆլոյդի պարանոցը: Նա անտեսել է Ֆլոյդի բղավոցներն ու աղաչանքները, ինչի հետևանքով տղամարդը շնչահեղձ է եղել: Կատարվածից զայրացած ամերիկացիներն ամեն օր ցույցի են դուրս գալիս՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել նրա կողքին և ոչինչ չեն արել տղամարդուն փրկելու համար: