Անձնավորելով, սպառնալով փորձում են շեղել ուշադրությունն իրենց ձախողած ոլորտներից. Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված հայտարարությունների մասին
Պարզ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ հրահանգված և պայմանավորված հարձակում է, և ակնհայտ է, որ ոչ մի բովանդակային դիտարկում չկա, հիմնականում վիրավորանքներ և սպառնալիքներ են միայն հնչում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների կողմից Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված հայտարարություններին:
«Այստեղ ոչ թե անօրինականության խնդիր է, այլ իրավիճակի ադեկվատ գնահատման ի սպառ բացակայություն է: Ես խորհուրդ կտամ ԲՀԿ-ի դեմ խոսողներին հնգակի անգամ լսել և անել հետևություններ. այո, տապալել են համավարակի դեմ պայքարը: Մեղադրելուց առաջ թող նայեն կորոնավիրուսից մահացածների թվին և օրեցօր ուժգնացող համավարակի թվերին, նոր իրենց թույլ տան, ինչ-որ հայտարարություններ անել»:
Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակը, այս առիթով նշել է, թե Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որը վերաբերում է փողերի լվացմանը, հարկերից խուսափելուն և կոռուպցիային, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ քրեական գործերի մասին է խոսքը, բայց կրկին անգամ ոչ ադեկվատ, հիստերիկ ռեակցիայի ենք ականատես լինում: Եվ այդ հիստերիան պայմանավորված է նրանով, որ երբ ճշմարտությունն ասում ես, մարդիկ ունակ չեն ընկալել դա: Փորձում են շեղել հանրությանը իրական խնդիրներից: Անձնավորելով, սպառնալով, լկտի և անբարո արտահայտություններ անելով՝ փորձում են շեղել իրենց ձախողած բոլոր ոլորտներից, որը շատ ակնհայտ է: Խորհուրդ կտամ հիստերիկ ռեակցիաների տեղը պարզապես նայել, թե՛ տնտեսական ցուցանիշները, թե՛ համավարակի տարածումը, որովհետև, որքան էլ փորձեն նենգափոխեն կամ հուզական ցնցումների մեջ ընկնեն, ճշմարտությունը հետևյալն է, այո, տապալվել է համավարակի դեմ պայքարը: Թող բացեն տաս անգամ կարդան, թե՛ տնտեսական ցուցանիշները, թե՛ Արցախի ուղղությամբ ոչ բարենպաստ իրադարձությունները, թե՛ համավարակի տարածումը»:
Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Արթուր Վանեցյանի հետ հանդիպում է ունեցել, որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը. Արման Աբովյանը պատասխանեց. «Ես մեկնաբանություն չեմ անի, ես չգիտեմ ինչ հանդիպում է: Կասեմ միայն այն, ինչ կա, երեկ հրատապ նիստ էր, որովհետև մենք չենք կարող նստել, նայել, թե ինչպես են ոչ պրոֆեսիոնալ, անպատրաստ, անհասկանալի քայլերով վիճակը երկրում վատթարացնում»:
Հարցին, թե Ծառուկյանը երեկ նիստում ասաց, որ իշխանության ամբողջ կազմը պետք է փոխվի, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, Արման Աբովյանը պատասխանեց. «Ասել է այն, ինչ ասել է, և հետևությունները թողնում ենք այն մարդկանց, ովքեր, թե՛ կարդում են, թե՝ լսում»: